Ղարաբաղի պատերազմի վետերանների միության անդամներն այսօր 125 մետրանոց եռագույն դրոշով եկել էին Ծիծեռնակաբերդ`հարգելու 102 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Եռագույն դրոշով նրանք «շրջափակեցին» հուշահամալիրի տարածքը: Թե ինչո՞ւ հենց 125 մետր`մեր հարցին ներկաներն ուղղակի ժպտացին. «Հատուկ ոչինչ չկա, այդպես է ստացվել»:
Միության Տավուշի կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս եռագույնը իրենք երկրորդ անգամ են ծածանում: Առաջին անգամը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրն էր: Այսօր էլ այցելել են ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլ նաեւ՝ իրենց լուսահոգի հրամանատար Յուրա Միքայելյանի:
Այսօր իրենք Ծիծեռնակաբերդի բարձունք են բարձրանում որոշակի խորհրդով: «Սա ես չեմ ընդունում, որպես սուգ: Սա միասնության օր է: Սուգը մեզ վայել չի: Եթե սգանք, նշանակում է պայքար չունենք: Մենք գնում ենք սրբացնենք, հարգանքի տուրք մատուցենք մեր աննպատակ զոհերի հիշատակին», -ասաց նա:
Դրոշը Ծիծեռնակաբերդի բարձունք հասցնելուն միացան նաեւ այլ քաղաքացիներ: Մարդկանց ոգեւորությունն այնքան էր հասել, որ անգամ ասմունքում էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ