Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա սպասվում է նաեւ Թուրքիայի այդ սուլթանին՝ Էրդողանին». Ըստ Փոստանջյանի՝ Թուրքիան քաղաքական քարտեզից ջնջվելու է

Ապրիլ 24,2017 15:46

Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել իր երկու դուստրերի՝ Լուիզայի եւ Գրետայի, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության թիմակիցների հետ:

Լրագրողների հետ զրույցում, հարցին՝ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հաշտեցում բառն այստեղ տեղ ունի՝ նա պատասխանեց. «Առաջին հերթին մենք պետք է ճանաչենք մեր իրավունքները: Արդեն ժամանակն է, ես կարծում եմ՝ նույնիսկ մենք ժամանակ ենք կորցրել: Հայ-թուրքական արձանագրությունների տակից պետք է վերցվի Հայաստանի ստորագրությունը: Թեեւ այն արդեն իսկ ԱԺ-ում չէ, բայց ստորագրությունը շարունակում է մնալ: Բացի այդ, մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը: Դրա վերաբերյալ ես 3 օրինագիծ եմ ներկայացրել, որից մեկը վերաբերում է Թուրքիայի կողմից մեր հայրենի բնօրրանի բռնազավթմանը, երկրորդը վերաբերում է քեմալա-բոլշեւիկյան գործարքին, համաձայն որի նաեւ մեր հայրենի տարածքները ուղղակի նվիրաբերվել են Թուրքիային եւ այդ գործարքի ապօրինությանն է վերաբերում: Երրորդը վերաբերում է բնիկ ժողովուրդների իրավունքներին: Մենք՝ հայերս, բնիկ ժողովուրդ ենք այս տարածքի, տարածքը մեզ է պատկանում՝ երկիր ծիրանին է»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այսօր մենք այլեւս չպետք է սգանք. «Ընդհակառակը, պետք է մեր պահանջները ներկայացնենք եւ իրավունքները ճանաչենք: Մենք վերածնվել ենք, 100 տարի առաջ, ինչ տեղի ունեցավ մեր ազգի հետ՝ իմ պապերի, տատերի հետ: Նրանք փրկվեցին եւ այսօր տվեցին ծնունդ: Մենք վերածնունդը շարունակելու ենք: Պետություններից միայն պահանջել ցեղասպանության ճանաչում, դա արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք մեր իրավունքների ճանաչում եւ հատուցում: Դրանք եւ նյութական են, եւ բարոյական եւ տարածքային: Սա պետք է լինի մեր պետական քաղաքականության եւ արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Մենք այլեւս չպետք է լռենք: Մինչդեռ այս 25 տարիների ընթացքում մենք միայն լռել ենք եւ սգացել ենք: Այլեւս չենք լռելու եւ չենք սգալու, այլ պահանջելու ենք մեր իրավունքների ճանաչում»:

Հարցին՝ Դուք կողմնակի՞ց եք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների ճանաչման՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, կողմնակից ենք առանց նախապայմանների, բայց նաեւ հասկանում ենք, որ Թուրքիան ունի նախապայմաններ եւ նաեւ ունի անսահման ախորժակ: Մենք գիտենք, թե ով է Թուրքիան, դու պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը: Նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը: Նույնիսկ Հայաստանը չի ցանկանում այդ իր իրավունքը ճանաչել: Արդեն մի պատմական շրջան ենք հասել, որտեղ իրավունքի ճանաչումը դարձել է անփոխարինելի եւ հրատապ միջոց, որպեսզի կարողանանք նաեւ լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում»:

Թե Թուրքիային ինչպե՞ս կարող են պարտադրել որեւէ բան՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այդպիսի պետությունների բռնապետերը նաեւ ձախողվում են, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Քադաֆիի հետ. «Իրաքը այլեւս իր քաղաքական քարտեզով գոյություն չունի: Սա սպասվում է նաեւ Թուրքիային եւ Թուրքիայի այդ սուլթանին՝ Էրդողանին: Այդ իրադարձություններին մենք պետք է պատրաստ լինենք»:l;

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930