Այսօր ողջ հայ ժողովուրդը 102-րդ անգամ հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում առավոտյան մատուցվեց Սբ. Պատարագ: Ապա եկեղեցու բակում գտնվող Նահատակաց պուրակում կատարվեց հոգեհանգստի կարգ: Որից հետո լոռեցիները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ջուլիետա Սարգսյանը մշեցի գաղթականի թոռ է: Նա իր պարտքն է համարում ամեն տարի գալ ու գլուխ խոնարհել իր նախնիների եւ բոլոր զոհերի հիշատակին:
«Ես պարտադիր գալիս եմ, որ ես մենակ չեմ, որ բոլորն են ինձ հետ: Ինձ համար կարեւոր է, որ աշխարհն ընդունի, որ էն միլիոն ու կեսը, որ ժառանգներ տային, ամբողջ աշխարհը կգեղեցկանար: Եվ ինչպես Ղեւոնդ Ալիշանն է ասում. «Թող շատնա հայը, որ շատնա լույսն աշխարհի»:
Կարդացեք նաև
Մարիամ Սահակյանը յուրաքանչյուր տարի գալիս է հարգելու եւ ծաղիկներ խոնարհելու. «Ինձ համար կարեւոր է այս օրը, որ գալիս եմ այստեղ: Հոգիս կարծես թեթեւանում է: Թուրքիան ի վերջո պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունն ու հաշվի նստի մեզ մետ: Մենք պետք է պահանջենք, այլ ոչ թե նստենք եւ սպասենք, թե երբ որեւէ մեկը մեզ համար ինչ-որ բան կանի: Մենք ինքներս պետք է մեր իրավունքները պաշտպանենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ