ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ, վերջին ամիսներին թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան այնքան զբաղված էին ներքաղաքական խնդիրներով, որ երկկողմ հարաբերություններում չէր էլ կարող որեւէ տեղաշարժ գրանցվել:
Թուրքիայում հանրաքվեն, Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն, ըստ պարոն Կարապետյանի, իրենց կնիքն ունեցան երկկողմ հարաբերությունների վրա:
«Այսինքն՝ ոչ մի առիթ չկար, որ նոր զարգացում, նոր առաջընթաց լիներ: Հանրաքվեի անցկացումն ու Էրդողանի դիրքերի հավելյալ ամրացումը լրացուցիչ կբարդացնի այս իրավիճակը: Ակնհայտ է՝ Էրդողանը ուժեղի դիրքերից է խոսում, ես առաջիկայում փոփոխություն չեմ ակնկալում»,- ասաց պարոն Կարապետյանը:
Անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին՝ պարոն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այդ բանակցությունները կվերսկսեն. «Կասկածներ չունեմ, որ այդ գործընթացը շարունակվում է, բայց ինչքան էլ ինձ համար անընդունելի է, ՀՀ համար անընդունելի է, հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հակամարտությունը փոխկապակցված են, առաջընթացը կարող է տեղի ունենալ միայն, եթե լուրջ զարգացումներ լինեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Մենք խոսում ենք իրողություններից, պաշտոնական Երեւանը դա մերժում է, երբ իրողությունները հաշվի ես առնում, որ միջնորդները ակտիվ շփումների մեջ են նաեւ Թուրքիայի հետ ու այդ հարցում պայմանավորվածություններ կան, կարծում եմ՝ այդ կապն առկա է, ցավոք, պետք է արձանագրենք, որ առանց լուրջ առաջընթացի առաջիկայում հնարավոր չէ երկկողմ հարաբերություններում զարգացում սպասել»:
Կարդացեք նաև
Հայ-թուրքական արձանագրությունները պարոն Կարապետյանը մեռած փաստաթուղթ չի համարում. «Այս իշխանությունները համաձայնել են պատմաբանների ենթահանձնաժողովի առկայությանը, եւ Թուրքիան մի քայլ չի նահանջի վերահաստատելու այդ հանգամանքը, փաստաթուղթը ստորագրված է, եթե նույնիսկ հայկական կողմը չուզենա դրանց հետամուտ լինել, թուրքական կողմը պարտադրելու է, մենք էլ չենք կարող տարբեր մոտեցում ունենալ, որովհետեւ մեր ստորագրությունն է»:
Եթե հայ-թուրքական արձանագրություններն այդքան լավ փաստաթուղթ էր, ինչու Թուրքիան չվավերացրեց հարցին էլ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Որովհետեւ ձեռնտու չէ, ամենակարեւորը ունեն իրենց գրպանում, կա գրանցված, բոլորի կողմից ճանաչված, որ Հայաստանը համաձայնել է պատմաբանների ենթահանձնաժողովին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ