Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստումը» ֆիլմի մասին Ամերիկայում խոսում են բոլորը, ոչ միայն հայերը

Ապրիլ 24,2017 15:09

Արդեն քանի օր է` «Խոստումը» ֆիլմը դարձել է ամերիկյան լրատվամիջոցների թոփ-նյուզերից մեկը: Բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները խոսում են այս ֆիլմից եւ նրա նախապատմությունից, քննարկում են ոչ միայն ֆիլմը, այլեւ` Հայոց Ցեղասպանությունը:

Բերենք ընդամենը մի քանի մեջբերում-հղումներ ամերիկյան տարբեր աղբյուրներից:

«Լոս Անջելես թայմս»-ը ներկայացրել է Ջորջ Քլունիի նկարած կարճ ֆիլմ-հաղորդագրությունը` «Բոլորս եւ յուրաքանչյուրս պետք է խոստանանք պայքարել Ցեղասպանության դեմ` աշխարհի բոլոր անկյուններում»: Ֆիլմ-հաղորդագրությունն ուղեկցվում է բացատրությամբ, որ սա Քլունիի աջակցությունն է «Խոստում» ֆիլմին, որը հայերի ցեղասպանության մասին է:

Նմանատիպ տեքստով ֆիլմ-հաղորդագրություն է նկարել նաեւ Ջենիֆեր Լոպեսը, որն ասում է, որ բոլորս պետք է օգնենք փախստականներին եւ երեխաներին, հետեւողական լինենք մարդու իրավունքների պահպանմանը եւ խոստանում է երբեք չմոռանալ:

Այս հաղորդագրությունը տեղ է գտել Never stay silent` Երբեք լուռ մի մնա Ֆեյսբուքյան էջում, որը «Խոստումը» ֆիլմի սոցիալական ազդեցության քարոզարշավն է` Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացնելու եւ այս պահին աշխարհի տարբեր ծագերում մարդու իրավունքների ոտնահարումները վերհանելու վերաբերյալ:

Այս էջում իրենց աջակցությունը Ցեղասպանության ճանաչմանը եւ «Խոստում» ֆիլմին հայտնել են նաեւ մոդել եւ դերասանուհի Հայդի Քլումը , Կալիֆոռնիա նահանգի փոխնահանգապետ (լեյտենանտ-նահանգապետ) Գեյվին Նյուսոմը :

«Թայմ» պարբերականը մի մեծ հոդված է նվիրել ֆիլմին` «Իրական պատմություն, որը պետք է իմանալ, մինչեւ «Խոստումը» դիտելը» վերնագրով: Հեղինակը ներկայացնում է 1915թ. Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների բնաջնջման պատմությունը, բերում թվեր եւ տեղեկություններ` տարբեր գիտական եւ տեղեկատվական աղբյուրներից: Վերջաբանում հիշեցնում է, որ Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը` 1915թ. կատարվածը Ցեղասպանություն որակել:

«Հոլիվուդ ռեպորթեր»-ը նույնպես անդրադարձել է միլիարդատեր Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ եւ փողերով ստեղծված, 100 մլն դոլարանոց բյուջեով ֆիլմին: Ծավալուն հոդվածում ներկայացված է ֆիլմի ստեղծման պատմությունը, Հայոց Ցեղասպանության մասին փաստեր, զրույց ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ: Այս հոդվածում նշված են նաեւ ֆիլմին աջակցած աստղերի անունները` Բարբարա Սթրեյզանդ , Շեր, Սիլվեսթեր Ստալոնե,  Անդրե Աղասի:

 «Նյու Յորք թայմզը» համեմատական է տարել գրեթե նույն ժամանակահատվածում հրապարակ ելած երկու` «Խոստումը» եւ «Օսմանյան բանակի լեյտենանտը» ֆիլմերի միջեւ` նկատելով, որ վերջինս, որը նկարահանվել է թուրք պրոդյուսերի կողմից, քննադատվել է Հայոց Ցեղասպանությունը «ճերմակեցնելու» համար: Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանի կառավարությունը, ըստ ամենայնի, մասնակից է եղել «Խոստումը» ֆիլմին ի հակակշիռ նախաձեռնված «Օսմանյան լեյտենանտի» նկարահանումների կուլիսային աշխատանքներին: Հոդվածում մանրամասնորեն նկարագրված են թուրքական կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Ցեղասպանության թեման «ջրելու», այդ թեմային անդրադարձող մարդկանց հանդեպ սպառնալիքներ եւ կոշտ դիրքորոշում ցուցաբերելու դեպքեր:

«Հաֆինգթոն պոստը» հրապարակել է «Խոստումի» պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հոդվածը` «Ինչու պիտի այս վարչակազմը եւ նրա ընդդիմախոսները դիտեն մեր ֆիլմը» վերնագրով, որում Իսրայելյանը անդրադառնում է ֆիլմի ստեղծման պատմությանը եւ ցեղասպանություններին` ընդհանրապես, բացատրում, թե ինչու չի կարելի լռել եւ անտարբեր մնալ, երբ շուրջդ խախտվում են մարդու իրավունքները:

«Խոստմանն» է անդրադարձել անգամ «Վոգ» ժամանցային պարբերականը, որի հայազգի հեղինակ Էդվարդ Բարսամյանը զրուցել է ֆիլմի գլխավոր դերակատար, հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի, հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանի եւ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ:

CBS հեռուստաընկերությունը նույնպես իր առավոտյան հաղորդմանը հրավիրել է «Խոստման» գլխավոր դերակատարներին` Քրիստիան Բեյլին եւ Օսկար Այզեկին, որոնք ներկայացրել են ֆիլմն ու դրա նախապատմությունը:

 «Բլումբերգ» հեռուստաընկերության ստուդիայում էլ «Խոստման» մասին խոսել են ռեժիսոր Թերրի Ջորջը, դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Անժելա Սարաֆյանը:

«Դեյլի մեյլը» անդրադարձել է թուրքական արշավանքին` ընդդեմ «Խոստումը» ֆիլմի, նկատելով, որ IMDB` ֆիլմերի քարտադարան-կայքում, անգամ մինչեւ «Խոստման» էկրան բարձրանալը, թուրքերի բազմահազարանոց բանակը 1 է գնահատել ֆիլմին` իջեցնելով դրա վարկանիշը, թեեւ ֆիլմը դեռ ոչ ոք չէր տեսել: Այս վիրտուալ պատերազմին անդրադառնալով` «Դեյլի մեյլը» հոդվածը եզրափակել է ցեղասպանության զոհերի լուսանկարով` մակագրությամբ` «Ապացուցված է, որ օսմանցիները սպանել են 1,5 մլն հայերի` Ցեղասպանության ժամանակ»:

«Վաշինգթոն պոստը» նույնպես անդրադարձել է դեռեւս չցուցադրված ֆիլմի վրա հազարավոր թուրքերի հարձակմանը` «Ամբոխի իմաստությո՞ւնը» հոդվածում, նկատելով, որ օսկարակիր Քրիստիան Բեյլի «Խոստումը», դեռ էկրան չբարձրացած, IMDB ֆիլմերի վարկանիշային կայքում ցածր վարկանիշ է գրանցել: Սկսելով դրանից` «Վաշինգթոն պոստն» անդրադարձել է Ցեղասպանությանը, բերել թվեր ու փաստեր, հղումներ: Նաեւ նկատել է, որ ամենացածր վարկանիշը IMDB-ում ունի մի ֆիլմ, որը նույնպես բացահայտում է թուրքական կառավարության դեմքը` պատմում է թուրքական կոռուպցիոն սկանդալի մի պատմություն:

Հոդվածները, հաղորդումները, տարբեր տեսակի անդրադարձերը բազմաթիվ են, եւ դեռ շարունակվում են, մի հոդվածում անհնար է մեկտեղել դրանք բոլորը: Եզրափակենք «Ջուիշ ջըրնալ»-ում տեղ գտած հոդվածով, որը վերնագրված է այսպես` «Խոստում»-ով վերջապես Հոլիվուդը խոսեց Հայոց Ցեղասպանության մասին»: Հոդվածում հեղինակը նկատում է, որ հրեական Հոլոքոստի մասին բազմաթիվ ֆիլմեր կան, սակայն Հայոց Ցեղասպանության մասին սա առաջին հոլիվուդյան լիամետրաժ խաղարկային ֆիլմն է: Նաեւ հիշեցնում է, որ հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Գենոցիդ» բառի եզրույթը հեղինակել է հե’նց հայերի բնաջնջումն ուսումնասիրելու արդյունքում եւ հե’նց Հայոց Ցեղասպանությունն է կոչել Գենոցիդ` դեռ 1930-ականների սկզբին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930