Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր սերունդները չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն չենք կարողացել ճանաչել տալ». Արամ Մանուկյան

Ապրիլ 24,2017 14:14

ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր չեկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀԱԿ ղեկավար կազմից ցեղասպանության զոհերին ոգեկոչելու էր եկել մասնավորապես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Այսօրը այն օրն է, երբ պետք է ամփոփես ու նախագծես, մենք ունենք արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական նպատակ, առաքելություն: Եթե մեր սերունդները չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն չենք կարողացել ճանաչել տալ: Կա մի լուծում՝ ուժեղ Հայաստանը կարող է լինել ճանաչման երաշխավոր, ողորմալ ուրիշներից ցեղասպանության ճանաչելու ակտը, թուլության նշան է, պետք է լինես կայացած գործոն, որ ուրիշներին ստիպես ճանաչել քո արդար դատը, մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ուղղությամբ, գնում է բացարձակապես այլ ուղղությամբ:

Այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ողբերգական է: Տասը տարի առաջ այս ճանապարհն անցնում էինք երկուսուկես ժամում, այսօր անցել ենք 25 րոպեում, Հայաստանում ժողովուրդ չի մնացել, Հայաստանից միջինը հիսուն հազար մարդ արտագաղթում է, օրական՝ 150 մարդ, դա իսկական ցեղասպանություն է: Այս կերպ դասեր քաղել ցեղասպանությունից, հնարավոր չէ, ՀՀ-ն պետք է լինի արդար, ուժեղ՝ այսինքն, ընտրված իշխանություն ունեցող, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետություն:

21-րդ դարում իշխանության են գալիս նույն իշխանության 80 տոկոս կազմող քաղաքական ուժերը. այս արդարությամբ, կիսատ-պռատ նպատակներով Հայաստանը չի կարող այս խնդիրը լուծել, այս պահին ես խեղճացել եմ, մի՞թե անկախության երեսուն տարիները, այս խաղաղ տարիները չենք կարողանում օգտագործել՝ ՀՀ-ն ուժեղացնելու համար, ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ, դրոշ վառելով ու հայհոյանքներով, հայհոյանքն ու դրոշ վառելը դարձել է հայրենասիրության խորհրդանիշ: ԿԳ նախարարությունը երեխեքին բերում է թուրքերին հայհոյելու, սա չէ ՀՀ զարգացման ճանապարհը, մենք գնում ենք սխալ զարգացման ճանապարհով, որը չի նպաստելու ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց պարոն Մանուկյանը:

Հարցին՝ ինչ հարաբերություններ կվարեիք Թուրքիայի հետ, եթե իշխանության լինեիք, ասաց՝ հարեւանություն անելով, բարիդրացիական հարաբերություններ հաստատելով. «Ում մեղադրեմ այսօրվա սպիտակ եղեռնի համար, մենք մեկուկես միլիոն հայի համար ենք սգում, բայց ուր են այն երկու միլիոն հայերը, որոնք այստեղ պետք է լինեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930