Մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններն են: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել ընդամենը 3 ուժ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին՝ 2009 եւ 2013 թվականներին Երեւանի ավագանու ընտրություններին է մասնակցել 7-ական կուսակցություն:
Եվ այսպես 2009 թվականին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, Ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները:
2009 թվականին ընտրություններին մասնակցող կուսակցություններից 5-ը մասնակցել է նաեւ 2013 թվականի ընտրություններին՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հանրապետական, «Օրինաց երկիր»: Նրանց է միացել «Առաքելություն» կուսակցությունը եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը:
2017 թվականի ընտրություններում պասիվություն է նկատվում. ավագանու ընտրություններին արդեն մասնակցում է երեք ուժ, որոնցից միայն մեկն է մասնակցել նախորդ ընտրություններին՝ իշխող Հանրապետականը: Այսինքն՝ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի թիվը գրեթե երկու անգամ նվազել է: Ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերն են՝ «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
«Առավոտ»
22,04.2017