Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Երեւանի». ՀՀԿ-ի ցուցակում են շաուրմայանոցի մենեջերը, «Վիվառոյի» տնօրենը, գազավիկներն ու դոկտոր-պրոֆեսորը

Ապրիլ 24,2017 12:00

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուները 195-ն են: Ցուցակը, կարելի է ասել, լավ էլ «խայտաբղետ է»: ՀՀԿ-ի առաջարկած թեկնածուների շարքերում են՝ շաուրմայանոցի աշխատակից, գազավիկներ ու տեսուչներ, ուսուցիչներ եւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, թաղապետեր ու համատիրությունների ղեկավարներ, արվեստի գործիչներ եւ գործազուրկներ:

ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցակում, այսպես ասած, անցողիկ տեղերում ներկայումս էլ Երեւանի ավագանու անդամներն են: Այս անգամ էլ ավագանու ՀՀԿ ցուցակում են փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանը եւ Երեւանի 11 վարչական շրջանների ղեկավարները:

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանն այս անգամ էլ է ավագանու անդամ ցանկանում դառնալ եւ կրկին ՀՀԿ ցուցակով: Ցուցակում անցողիկ տեղերում՝ 14-րդ հորիզոնականում է ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, որը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերն է եւ ՀՀԿ խորհրդի անդամ:
ՀՀԿ ցուցակի 32-րդ հորիզոնականում առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի քույրն է՝ Ալինա Քուշկյանը:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ի թեկնածուներից են ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, որը ներկայումս եւս ավագանու անդամ է, ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժնի նախագահն ու ԵԿՄ վարչության գլխավոր հաշվապահը:


Շատ խորհրդանշական է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի թեկնածուներից է «Թումանյան շաուրմա»-ի մենեջերը, հավանաբար ՀՀԿ խմբակցությունը, ինչպես իրենց նախընտրական կարգախոսն է ասում՝ «Հանուն Երեւանի» զարկ է տալու մայրաքաղաքում «անվտանգ» շաուրմայանոցների առաջընթացին:

Մեկ այլ ուշագրավ թեկնածու էլ կա ՀՀԿ ցուցակում, ավելի ճիշտ՝ ուշագրավ ընկերության ներկայացուցիչ: Ու էլի իրենց կարգախոսին հավատարիմ՝ «Հանուն Երեւանի» ՀՀԿ ցուցակում է «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը: «Վիվառո Բեթինգ»-ը բուքմեյքերական ընկերություն է, այն վիճակախաղերի գրասենյակների ցանց է ամբողջ Հայաստանով մեկ:

Երեւանի ավագանու թեկնածուների ՀՀԿ ցուցակում ընդգրկված են «Սաս Գրուպի» աշխատակիցները՝ մենեջերն ու կադրերի բաժնի պետը: Դե «Սաս գրուպում» լավ սերտել են դասը, թե ինչպես պետք է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքել. վկայությունը խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված աղմկահարույց ձայնագրությունն է, որտեղ հստակ հնչում էին անուն-ազգանուններ եւ ով քանի ձայն պիտի բերեր «ՍԱՍ գրուպի» ղեկավարի, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի եւ հետեւաբար ՀՀԿ-ի օգտին, ով էլ զրո ձայն էր բերելու՝ սպառնալիք էր հնչում՝ աշխատանքից ազատում: Հիշեցնենք, որ այս ձայնագրության առնչությամբ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

«ՍԱՍ»-ից չի ուզում հետ ընկնել մեկ այլ հայտնի սուպերմարկետ. Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի փոխտնօրենն է առաջադրվել որպես ավագանու թեկնածու:

«Գազպրոմ Արմենիա»-ից էլ երեք թեկնածուներ կան, բնականաբար ՀՀԿ ցուցակով. նրանք են՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀԿ անդամ Արարատ Գեւորգյանը, «Գազպրոմ Արմենիա»-ի Երեւան մասնաճյուղի իրացման բաժնի պետն ու ընկերության հսկիչ Սոնյա Եղյանը:


Հայաստանի էլեկտրական ցանցերն էլ ավագանու թեկնածուների շարքերում «ներկայացուցիչներ» ունի՝ ՀԷՑ-ի ֆինանսական դեպարտամենտի մասնագետն ու Արաբկիր մասնաճյուղի տեսուչը: Հանկարծ «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀԷՑ-ի թեկնածուներն էլ «ՍԱՍ գրուպ»-ի սկզբունքով չաշխատեն, ասենք՝ «ՀՀԿ-ին ձայն չտաք՝ գազդ ու լույսդ կանջատենք»:

Երեւանի ավագանու թեկնածուներից են «Երեւան ՋԷԿ»-ի ավտոտնտեսության վարիչը, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության պետի պաշտոնակատար, ՀՀԿ անդամ Սումբատ Սումբատյանը, Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանը:

Բուժհաստատությունների ներկայացուցիչներ էլ կան նշված ցուցակում. Երեւան քաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի փոխտնօրենը, «Աստղիկ» բուժկենտրոնի հիմնադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը: Երեւանի ավագանու թեկնածուներից են «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու «Պ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, որոնք, հիշեցնենք, նաեւ խորհրդարանական ընտրություններին էին ՀՀԿ ցուցակով առաջադրվել:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ի թեկնածուներ են նաեւ Հանրային ռադիոյի «Եզդիերեն հաղորդումների» խմբագիրը, «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ-ի անդամը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ղեկավարը: Նրանք, սակայն, ցուցակում անցողիկ տեղերում չեն, վերջին հորիզոնականներում են:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930