Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուների խոստումները

Ապրիլ 24,2017 14:00

Ավագանու թեկնածուները առաջարկում են տրամվայը հետ բերել, մետրոյի կայարաններն ավելացնել, քաղաքապետարանի հաստիքացուցակն ու ծառայողական մեքենաները կրճատել:

Մայիսի 14-ին Երեւանի բնակիչները կընտրեն նոր ավագանի: Մինչ այդ ավագանու թեկնածուները երեկվանից սկսած, մեկը մյուսին հերթ չտալով, նախընտրական քարոզարշավի տեսքով երեւանցիներին խոստումներ կշռայլեն: Մրցավազքին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ` «Ելք» դաշինքը, ՀՀԿ-ն ու «Երկիր ծիրանի»-ն, մայրաքաղաքի բնակիչներին խոստանում են մատչելի, բարեկարգ, կանաչ ու միջազգային չափանիշներով հասարակական տրանսպորտի երթուղային ցանց:

ՀՀԿ-ն, որի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, իր նախընտրական ծրագրում շեշտը դրել է բարեփոխվող Երեւանի վրա: Դրան հասնելու համար հանրապետականները, ինչպես ծրագրում են խոստանում, կյանքի են կոչելու «տասնյակ քաղաքաշինական ծրագրեր», բազմաթիվ նոր աշխատատեղ են ստեղծելու, եւ առհասարակ ՀՀԿ-ի յուրաքանչյուր ծրագրի առանցքում քաղաքացին է լինելու ու նրա կյանքի որակի բարելավումը:

Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Ելք» դաշինքը, սակայն, երեւանցիների ու ընդհանրապես այլ տեղանքի քաղաքացիների համար ավելի հրատապ խնդիր է համարում հասարակական զուգարանների տեղադրումը, պոլիկլինիկաների վերապրոֆիլավորումը՝ որպես հիվանդության կանխարգելման բուժհիմնարկների, եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական հաստատությունների ապօրինություններով զբաղվող տնօրեններից ազատվելը: Այսինքն` ըստ «Ելք»-ի, ընտրական գործընթացներին ապօրինի միջամտություն ցուցաբերած տնօրենները աշխատանքից կազատվեն:
Ընտրվելու դեպքում «Ելք»-ը նաեւ մտադիր է Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կրճատել:

ՀՀԿ-ն էլ տրանսպորտի ոլորտում է հեղափոխություն խոստանում: Հանրապետականների ծրագրում ասվում է, որ 2017-2022թթ. համար պետք է մշակվի ու կիրառվի Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր եւ արդյունավետ երթուղային ցանց։
Քաղաքական այս ուժը ընտրվելու դեպքում մտադիր է ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ ձեւավորելով նոր օպերատոր։

Խոստանում է ազատվել միկրոավտոբուսներից եւ երթուղային ցանցը սպասարկել մեծ եւ միջին տարողությամբ նոր ավտոբուսներով, ներդնել էլեկտրոնային եւ միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։

«Ելք»-ը, բացի քաղաքապետարանի պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների օպտիմալացումից, կկրճատի նաեւ քաղաքապետարանի հաստիքացուցակը: Իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով ավելի սրտացավ զբաղվելու համար «Ելք»-ը քաղաքապետարանում կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ մայրաքաղաքի մատչելիությունն ապահովող հարցերով զբաղվող վարչություն:

«Ելք»-ի ծրագրերից է նաեւ հակակոռուպցիոն թեժ գիծ ունենալը` հանրային վերահսկողության նպատակով:

2017-2022 թվականներին ՀՀԿ-ի ծրագրում ամրագրված կետերի համաձայն՝ Երեւան քաղաքի կենտրոնի երթեւեկությունը կբեռնաթափվի: Դրա համար քաղաքական այս ուժն իր նախընտրական ծրագրում շրջանցիկ ճանապարհներ կկառուցի: Այսպես. եթե երեւանցիները ընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, Հրազդան գետի վրա կամրջի կառուցմամբ Արգավանդ-Շիրակ ճանապարհ կունենանք, որը կլինի Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի: Կկառուցվեն Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհը, Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի ճանապարհը, Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհը, Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհը:

«Ելք»-ն իր ծրագրում քաղաքի երթուղիներին վերաբերող մի կարեւոր կետ ունի, որի մասին մշտապես մտահոգություն են հայտնում մեր քաղաքացիները: Քաղաքական այս ուժը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանի կենտրոնին կապող շուրջօրյա ավտոբուսային երթուղի բացել:

«Ելք»-ը նաեւ ծրագրեր ունի ձեւավորելու հեծանվային միջանցք` հեծանվորդների անարգել երթեւեկությունը կազմակերպելու համար, միեւնույն ժամանակ խրախուսման մեխանիզմներ կներդնի, որպեսզի ավելի շատ մարդիկ սկսեն հեծանվով երթեւեկել: «Ելք»-ի քաղաքապետը, համաձայն ծրագրի, խստագույնս ուշադրություն է դարձնելու հասարակական տրանսպորտի վարորդների հագուկապին, պահելաձեւին, տրանսպորտային միջոցի մաքրությանն ու տեխնիկական վիճակին, եւ դրանցում հնչող երաժշտությունից սկսած՝ լինելու են վերահսկողության տակ:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը մայրաքաղաքի երթեւեկությունը կթեթեւացնի նոր ճանապարհներ կառուցելով, քաղաքական այս ուժը մտադիր է երթեւեկությունը կարգավորել «խելացի» լուսացույցներով ու երթակարգավորողներով, ինչպես նաեւ ավտոմեքենաները հեծանիվներով փոխարինելու հաշվին:

Ինչ վերաբերում է մատչելի միջավայրին, ապա իշխող ուժը` ՀՀԿ-ն, քաղաքային կառավարման գործընթացում լուրջ մարտահրավեր է նետելու հինը եւ նորը համակցելով: ՀՀԿ-ն մայրաքաղաքում արդեն առկա տարբեր ժամանակներում կառուցված շինություններն ու հանգույցները կհամապատասխանեցնի ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին:

Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ էլ ՀՀԿ-ից ընտրված քաղաքապետը կապահովի երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի եւ ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։

Կանգառների հարցը եւս հանրապետականների ծրագրում է. կարդիականացնեն կանգառասրահները համապատասխան կահավորանքով եւ նոր տեղաբաշխմամբ։
«Ելք»-ն իր ծրագրում նախապատվությունը տալիս է մետրոն որպես տրանսպորտային միջոց զարգացնելուն: Մինչեւ 2022 թվականը «Ելք»-ը կավելացնի մետրոպոլիտենի կանգառները` ամեն տարի առնվազն մեկ նոր կայան կառուցելով:

«Ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղեւորափոխադրումների չափաբաժինը առաջիկա 5 տարիներին հասցնել մինչեւ 80 տոկոսի` ներկայիս 46 տոկոսի փոխարեն: Ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունը մինչեւ կեսգիշեր»,- նշված է «Ելք»-ի նախընտրական ծրագրում:

Պիկ ժամերին էլ խցանումներում ժամերով սպասող հասարակական տրանսպորտով երթեւեկող քաղաքացիների հոգսը թեթեւացնելու համար քաղաքական այս ուժը կձեւավորի ավտոբուսային միջանցք: Այսինքն` ըստ «Ելք»-ի, պողոտաների երթեւեկելի գծերից մեկը կհատկացվի բացառապես ավտոբուսների եւ տրոլեյբուսների երթեւեկությանը:

Երեւանի ճարտարապետությունը նույնպես «Ելք»-ի ուշադրության կենտրոնում է լինելու:

«Ելք»-ից ընտրված քաղաքապետը թույլ չի տալու որեւէ ճարտարապետական հուշարձան ապամոնտաժել, բոլոր շենք-շինությունները պատշաճ հասցեավորելու է` դրանցում փակցնելով հասցեների ցուցանակները:

Երեկ երեկոյան հրապարակվեց նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը սկսում էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի վարդապետ Էմանուել Աթաջանյանի ուղերձով: «Քաղաքը կարոտ է մաքրության՝ մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների։ Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք եւ ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքի՝ համահայկական մայրաքաղաքին…»:
Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նկատում է. «Քաղաքաշինության քաոսային զարգացումն առաջին հերթին դրսեւորվեց քաղաքի կենտրոնում, որը կարիք ուներ վերակառուցման եւ նոր կառուցապատման: Երեւանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է, եւ այլեւս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից՝ զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից` խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաեւ զավթվեցին հանրային կանաչ տարածքները»:

Ապա առաջարկում է քաղաքաշինության հիմնական հայեցակարգի մշակում, նախագծերի մանրակրկիտ պլանավորման մշակում, կառուցապատման ճարտարապետանախագծային եւ ծավալատարածքային լուծումների մշակում, քաղաքաշինական մոտեցման առաջնահերթության վերականգնում, հնի եւ նորի համադրության խնդիրների վերհանում, Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի ընդունում եւ այլն:
«Երկիր ծիրանին» ընտրվելու դեպքում խոստանում է Երեւանի շենքերի սեյսմիկ անվտանգության խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, իսկ տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերը ամրացնել եւ անվտանգության նորմերին համապատասխանեցնել, վթարային շենքերն էլ քանդել` նորերը կառուցել:

Հասարակական տրանսպորտի մասով քաղաքական այս ուժը նույնպես ծրագրեր ունի: Կուսակցության պատասխանատուները առաջարկում են արտոնյալ կանաչ լույս տրամադրել, քանի որ հասարակական տրանսպորտը պետք է հնարավորություն ունենա անխափան շարժվելու. «Պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտին եւ առաջին հերթին` մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին»,- համարում է «Երկիր ծիրանին»` համոզմունք հայտնելով, որ մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը, բարելավել դրանց վիճակը եւ զերծ պահել ոչ իր նշանակության փոխադրամիջոցների կայանումից, որոնք հաճախ խցանման պատճառ են դառնում:

Այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է կարմիր գծանշումների, ավտոկայանատեղիների եւ ճանապարհատրանսպորտային խախտումների վերահսկողության համալիր լուծումներ. «Խախտումների վերաբերյալ ոչ իրավաչափ պատժամիջոցները հարկավոր է վերանայել»:

«Երկիր ծիրանին» համարում է, որ Երեւանում շահագործվող արտաքին լուսավորության ցանցը խիստ կարիք ունի բարելավման: Իսկ հիմնական խնդիրներից առանձնացնում է չլուսավորվող փողոցները, նրբանցքները, բակերը եւ խաղահրապարակները:
«Երկիր ծիրանի»-ի նախընտրական ծրագիրը վերոնշյալ երկու քաղաքական ուժերից տարբերվում է նրանով, որ ծրագրում նախ մանրամասն մատնանշված են մայրաքաղում առկա խնդիրները, ապա առաջարկվում է իրենց տեսլականը:

Օրինակ` քաղաքական այս ուժը նույնպես իր ծրագրում ներառել է մետրոպոլիտենի կայարանների ավելացման հարցը` առաջարկելով մետրոյի նոր երթուղիներ, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ տրամվայը որպես փոխադրամիջոց մեր քաղաքում վերացել է: «Երկիր ծիրանին» կարծում է, որ տրամվայի շահագործումը Երեւանում կրկին դարձել է արդիական:

Հեծանիվներով երթեւեկելու հարցը նույնպես այս կուսակցության օրակարգում է. «Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի եւ անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ»:
Նախընտրական ծրագրում խոսելով աղբահանության խնդրից՝ «Երկիր ծիրանին» նշում է, որ աղբի վերամշակման ժամանակակից մեթոդների բացակայության պատճառով այն այրվում է` արտազատելով թունավոր նյութեր, ուստի աղբի վերամշակման հարցը կուսակցությունը նույնպես օրախնդիր է համարում:

«Երկիր ծիրանին» էներգախնայողության առաջարկ էլ ունի. «Երեւանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արեւային էներգիան: Շենքերում հնարավոր է տեղադրել արեւային վահանակներ եւ արեւային կոլեկտորներ` ջրի ջեռուցման համար»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

22,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930