Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ենք քաղաքապետ ընտրելու. քվեարկության կարգը՝ մանրամասն

Ապրիլ 24,2017 13:30

Քաղաքապետի ընտրությունների դեպքում
քվեարկության կարգը գրեթե նույնն է՝ որոշակի տարբերությամբ

Մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները: Երեւանաբնակներն ընտրություն են կատարելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու՝ կուսակցության նախագահ, «Ժառանգության» նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի եւ «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջեւ: Երեւանի քաղաքապետն ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում՝ գաղտնի քվեարկությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ:

Ինչպես հայտնի է, ընտրակարգը փոփոխվել է. նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես այն մշակողներն են հավաստում, որոշակի դրույթներ է սահմանել՝ ընտրությունների ընթացքն առավել թափանցիկ կազմակերպելու համար: Քաղաքապետի ընտրությունների դեպքում քվեարկության կարգը գրեթե նույնն է՝ որոշակի տարբերությամբ:
«Առավոտն» իր ընթերցողներին հիշեցնում է, որ ընտրական տեղամասերում քվեարկությունը սկսվում է 08:00-ին եւ վերջանում 20:00-ին: 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Ընտրողների գրանցումը

Ընտրատեղամաս մտած քաղաքացին նախ պետք է գրանցվի, այլապես չի կարող ստանալ քվեաթերթիկ: Այս դեպքում, ինչպես ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, նա մոտենում է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը եւ ներկայացված փաստաթուղթը ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողն իր անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, ինչից հետո մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Վերջինս այս դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկաններին՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից:

Կանաչ նշանի հայտնվելու դեպքում արդեն ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրա անհնարինության դեպքում մատնահետքը ներմուծվում է հետեւյալ առաջնայնությամբ՝ ձախ ձեռքի ցուցամատ, աջ ձեռքի միջնամատ, ձախ ձեռքի միջնամատ…

Հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողի հերթական համարն ըստ ընտրողների ցուցակի, նաեւ՝ ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը պարունակող քվեարկության կտրոնը: Մասնագետն այդ կտրոնը եւ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին: Վերջինս մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին, որն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը:

Ընտրողը ստորագրում է իր տվյալների տողի դիմաց, ինչից հետո հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, նույն կնիքով կնքում նաեւ քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:

Եթե ապրիլի 2-ին ընտրողը ստացավ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թվով՝ 9 քվեաթերթիկ, ապա ավագանու ընտրությունների դեպքում ստանալու է 1 քվեաթերթիկ, որում V-աձեւ նշան է դնելու ավագանու ընտրություններին մասնակցող 3 քաղաքական ուժերից մեկի անվան դիմացի վանդակում:

Ընտրողի գործողությունները՝ քվեախցում

Ընտրություն կատարելուց հետո քաղաքացին քվեաթերթիկն առանց ծալելու դնում է քվեարկության ծրարի մեջ: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին եւ նրան է հանձնում քվեարկության կտրոնը:
Հանձնաժողովի անդամը ստուգում է կտրոնը, ապա առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու՝ քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը: Այնուհետեւ հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը, որպեսզի ընտրողը քվեարկության ծրարը գցի քվեատուփի մեջ: Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին՝ նոր քվեաթերթիկ ստանալու նպատակով: Սխալ լրացված եւ վնասված քվեաթերթիկներն անհապաղ մարվում են:

Վերջում հիշեցնենք նաեւ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՀՀԿ-ն առաջադրել է 195, «Երկիր Ծիրանի»-ն՝ 50, իսկ «Ելք» դաշինքը՝ 63 թեկնածու: Ընտրվելու են ավագանու 65 անդամներ՝ 4 տարի ժամկետով:

 

Պատրաստեց ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ»

22,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930