Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանավորներին մեծարելու համար հոբելյանական տարեթվերը պարտադիր չեն

Ապրիլ 24,2017 13:00

Անվանի արվեստագետների հոբելյանները տարբեր ձեւաչափերով են նշվում՝ հրատարակվում են գիրք-ալբոմներ, կազմակերպվում տարբեր միջոցառումներ կամ հոբելյարին ներկայացում է նվիրվում, եւ այլն: Օրինակ՝ Ազգային օպերային թատրոնում ապրիլի 21-ին Ավագ Պետրոսյանի ծննդյան 105- ամյակը նշվեց Տիգրանյանի «Անուշ»-ով, որտեղ մի քանի տասնամյակ Սարոյի դերերգով իսկապես փայլել է օպերային տենորը:

Կամ՝ վերջերս Մայր թատրոնը տոնեց ամուսնական զույգի՝ դերասաններ Նելլի Խերանյանի եւ Տիգրան Ներսիսյանի ծննդյան կեսդարյա հոբելյանները եւ այլն: Կարճ ասած՝ այնպես չէ, որ անտեսվում է մշակութային գործչի վաստակը, բայց այս առիթով տարիներ շարունակ չեն դադարում խոսակցությունները: Հաճախ՝ տեղին:

«Առավոտը» քանիցս տարբեր առիթներով բարձրաձայնել է, թե ինչու թատերագետները, կինոգետները, արվեստաբանները, երաժշտագետները չեն անդրադառնում այս կամ այն արվեստագետին, նշելով, թե պարտադիր չէ, որ անպայման հոբելյանական տարեթիվ լինի: Մեկ օրինակ բերենք՝ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, նաեւ պետական ամենաբարձր մակարդակներում, բայց մինչ օրս նրան նվիրված որեւէ աշխատություն չկա: Վերջերս նշվեց նաեւ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակը: Պարզվում է՝ մինչ օրս հայ ռեալիստական գեղանկարչության վարպետին նվիրված ընդամենը մեկ գիրք է լույս տեսել, 2000-ականների կեսերին, այն էլ՝ առանց թերլեմեզյանական աշխատանքների (հեղինակ՝ Մերի Կիրակոսյան): Լավ է, որ Հայաստանի ազգային պատկերասրահը բնանկարչի հոբելյանի առիթով հրատարակեց գիրք-ալբոմ (հեղինակ եւ համակարգող՝ Քնարիկ Ավետիսյան, տեքստի հեղինակ՝ Զարուհի Դիլանյան):

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի (ղեկավար՝ Հայկանուշ Սահակյան) ավագ գիտաշխատող Զարուհի Դիլանյանը (լուսանկարում) հավաստիացրեց, որ պատկերասրահը չի սպասում հոբելյանական տարեթվերի: Գրքերի, ալբոմների հրատարակումները ունենում են նախաձեռնողներ՝ սկսած անհատներից, նկարչի ընտանիքից մինչեւ մշակույթի նախարարություն: Ինչ վերաբերում է Փանոս Թերլեմեզյանի մասին պատկերագիրք գիտական կատալոգին, մեր զրուցակիցը հաստատեց, որ նման աշխատություն, որը ներառում է նկարչի կյանքի ու ստեղծագործական գործունեության ամբողջական պատկերը, առաջին անգամ է լույս ընծայվել: Իր խոսքերով՝ Թերլեմեզյանական ստեղծագործական ողջ ժառանգությունը 1000-ից ավելի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ են, որոնք անվանի արվեստագետի կտակի համաձայն՝ 1940-ականներից հանգրվանել են պատկերասրահում: Հոբելյանական ցուցադրությանը ներկայացված է եղել 145 աշխատանք, որից 15-ը՝ գրաֆիկական:

Զարուհի Դիլանյանին խնդրեցինք համառոտ ներկայացնել պատկերասրահի հայ գեղանկարի բաժինը: «Մեզ մոտ հանգրվան են գտել 100-ից ավելի հեղինակների հավաքածուներ, սակայն ամեն տարի դրանք համալրվում են եւ դասական, եւ ժամանակակից նկարիչների աշխատանքներով, ինչպես նաեւ լինում են նվիրատվություններ Հայաստանից ու արտասահմանից»,- հայտնեց արվեստաբանը:
Զրույցի ընթացքում արվեստաբանը ներկայացրեց սպասվելիք միջոցառումները. «Ապրիլի 25-ին բացվելու է «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը, որն իրականացնում ենք Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ,  բուլղարահայ Բեդիկ Բեդրոսյանի աշխատանքները եւ այլն:

Աշնանն էլ Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցադրությունը կուղեկցվի թեմատիկ դասախոսություններով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.- Հայաստանի ազգային պատկերասրահից մեզ տեղեկացրին, որ 2010-15 թթ. ընթացքում պատկերասրահը լույս է ընծայել 19 ալբոմ ու կատալոգ:

«Առավոտ»

22,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930