Մեր օրգանիզմը կազմված է 60%-ից ավելի ջրից, 34% օրգանական եւ 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչներն են՝ ածխածինը, ջրածինը եւ թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաեւ ազոտը, ֆոսֆորը եւ ծծումբը:
Ֆոսֆորն անհրաժեշտ է լարված աշխատանքից հետո ուժերի վերականգնման համար: Հասուն մարդու օրգանիզմում ֆոսֆորի քանակը 670 գրամ է: Ֆոսֆորն անվանվում է «կյանքի եւ մտքի տարր», քանի որ այն հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերեւներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարեւորագույն ֆիզիկական գործունեությունը կապված է ֆոսֆոր օրգանական նյութերի փոխակերպման հետ: Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն, սպիտակ կաղամբը, վարունգը, ծաղկակաղամբը, բողկը եւ այլ մթերքներ:
Մարդու օրգանիզմում պարունակվում է ուղիղ 2գ ծծումբ։ Այն առկա է կորյուկների եւ ճարպահոսքի ժամանակ բուժման համար օգտագործվող դեղամիջոցների կազմում: Ծծումբ պարունակում է ոսպը, նեխուրը, լոլիկը, ընկույզը եւ այլ մթերքներ:
Յոդի համար շատերը մեկնում են ծով: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին: Օրգանիզմին ապահովում է էներգիայով, այրում է ավելորդ ճարպերը: Դրա շնորհիվ՝ մեր եղունգները, մազերը եւ ատամներն ավելի ամուր եւ առողջ են մնում: Այն չափազանց կարեւոր է ածխաջրեր եւ խոլեստերին սինթեզելու համար: Ինչպես նաեւ կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, եւ ընդհանրապես վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները:
Յոդով հարուստ է սպանախը, սոխը, ճակնդեղը, տանձը, ֆեյխուան:
Երկաթը եւս շատ օգտակար է մեր օրգանիզմին: Այն նպաստում է օրգանիզմի թարմությանը, մաշկի մաքրությանը: Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4 գրամ երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձեւով լյարդում, փայծաղում եւ ոսկրածուծում: Երկաթի նկատմամբ օրական պահանջը կանանց մոտ կրկնակի ավելի է՝ պայմանավորված օրգանիզմի առանձնահատկություններով:
Երկաթը մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, կանխում է սակավարյունության առաջացումը, կարգավորում է B խմբի վիտամինների յուրացումը, իմունային համակարգի գործունեությունը, մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին, բարելավում է մաշկի, եղունգների եւ մազերի վիճակը:
Օրգանիզմի կողմից յուրացվում է սննդի միջոցով ստացված երկաթի ընդամենը 10%-ը:
Երկաթով հարուստ է միսը, վարունգը, ազնվամորին, հաղարջը, բալը, խնձորը, ինչպես նաեւ սպանախը եւ կարմիր կաղամբը:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22,04.2017