Ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում կայացավ «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 16-րդ փառատոնը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպել էր «Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբ» ՀԿ-ն: Այդ կազմակերպության նախագահ, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Ամիրաղյանը վարում էր մրցույթը: Փառատոնը մշտապես կայանում է ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, սակայն այս տարի, որոշակի պատճառներով, մրցույթը հետաձգվեց:
Արմեն Ամիրաղյանն ասաց, որ երբեմն դեպի տիեզերք թռիչքներն էլ են հետաձգվում, սակայն դրանք, ի վերջո, կայանում են, իսկ այսօր՝ ապրիլի 23-ը գրքի միջազգային օրն է: Մրցույթը բացեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ, Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը: Փառատոնին ներկա էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Ինտելեկտուալ մրցույթին մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմերը, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի թիմը. նաեւ՝ Դիլիջան քաղաքի ավագ դպրոցի թիմը եւ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցը ներկայացնող 2 թիմեր:
Դիլիջանցի դպրոցականները մրցույթին մասնակցելու համար 90 մ ճանապարհ էին անցել: Փառատոնի առիթով Դիլիջանի ավագ դպրոցի կողմից Նոյեմբերյանի ավագ դպրոցին հուշանվեր էր ուղարկվել:
Փառատոնի մասնակից 24 թիմերին, 2 փուլով, 34 հարց ուղղվեց: Պատասխանների ճշտությունը ստուգում էր փառատոնի ժյուրին, որը ղեկավարում էր Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը:
Կարդացեք նաև
Մրցույթի հաղթող ճանաչվեց սահմանամերձ Բերդավանի գյուղի դպրոցի «Նեմեսիս» թիմը, 2-րդ տեղում Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Ռոբերտ Աբաջյան» թիմն էր, հավասար միավորներով 3-րդ տեղում Կողբի թիվ 2 դպրոցի «Նժդեհ» եւ Ջուջեւանի դպրոցի «Լուսին» թիմերն էին:
Առաջին տեղը զբաղեցրած թիմի անդամներին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամների նվերները, 2-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամներին տրվեցին «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի երեխաների պատրաստած հուշանվերները: 2-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամների նվերները տրվեցին նոյեմբերյանցի գործարար Արարատ Գիշյանի հովանավորությամբ: Մրցանակներ էին սահմանվել բազմաթիվ անվանակարգերում՝ լավագույն խաղացողի, ամենասրամիտ պատասխանի համար եւ այլն:
Ինտելեկտուալ խաղի ջատագով, երջանկահիշատակ Աշոտ Նազարյանի անունը կրող, ամենադժվար հարցին ճիշտ պատասխանի համար մրցանակի արժանացավ Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Նաիրի» թիմը:
Ադրբեջանին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում բարի ավանդույթ դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» փառատոնը Տավուշի մարզի ինտելեկտուալ, մշակութային ոլորտներում կայացած նշանակալից երեւույթ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ