Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես են այսօր Աջափնյակում փորձել խոչընդոտել իր հանդիպումը.
«Այսօրվա քարոզարշավին, հընթացս մեզ «միացավ» ինչ-որ մեքենա, որը կողքի բակերից, ավտոտնակների ետեւից՝ այնպես որ չերեւա, բարձր շչակներով փորձում էր խանգարել մեր քարոզարշավը: Մեր տղաները նկատել էին, որ դա արծաթագույն «Մերսեդես» է: Մենք ուշադրություն չդարձրինք դրան:
Որոշ ժամանակ անց, ինչ-որ «Մերսեդես» եկավ հասավ մեր քարոզչական խմբին, սկսեց ձայնային ազդանշաններ տալ, գազ տալ եւ ի վերջո բորբոքվեց, որ «փակել» ենք իրենց քուչեն, այդպիսով՝ կոպտորեն խոչընդոտելով մեր քարոզարշավը:
Արդյունքում, ինչպես կտեսնեք տեսանյութում, ստիպված էի ոստիկանություն հրավիրել: Ու պարզվեց՝ չսխալվեցի: Մեր թիմի ներկայացուցիչների վկայությամբ սույն անձը ընտրություններում եղել է Գալուստ Սահակյանի որդի, ՀՀԿ-ական Արման Սահակյանի վստահված անձը, եւ փաստորեն, դիտավորյալ կերպով փորձում էր միջադեպ հրահրել մեր քարոզարշավին:
Կարդացեք նաև
Սպասում ենք ոստիկանության արձագանքին: Ի դեպ, մի քանի անգամ 1-02 զանգելով չկարողացա ահազանգ գրանցել ոստիկանությանը, որովհետեւ ասում էին, որ ԱՎԾ եմ զանգել, ոչ ոստիկանություն: