Երեւանի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր քարոզարշավային հանդիպման էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Aravot.am-ը պարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կպատասխանի «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի «Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի համակարգում այսօր 230 ավտոբուս կա, որոնց 90 տոկոսը սարքին վիճակում է, բայց երթուղի դուրս չեն գալիս: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե երթուղի դուրս գան «Գազելների» գծատերերի շահույթը կպակասի: Կարող եք ասել՝ վարորդ չունեն: Դե թող ծառայողական ավտոմեքենաների վարորդներին կրճատեն, մի քիչ էլ աշխատավարձն ավելացնեն եւ ուղարկեն ոչ թե տրանսպորտի վարչության պետին տուն եւ աշխատանքի տանել, այլ երեւանցիներին»:
Մարգարյանին ստիպված եղանք մի քանի անգամ այս հարցը տալ, նա մեկ չէր ուզում պատասխանել, մեկ ասում էր՝ դիմեք նման հայտարարություն անողին, մեկ նրա՝ մամուլի ծառայության ղեկավարն էր փորձում խոչընդոտել:
Վերջում Մարգարյանը պատասխանելով Փաշինյանի հայտարարությանն, ասաց. «Ինֆորմացիային այդքան լավ չի տիրապետում: Մեր քաղաքային տնտեսությանն այդքան լավ չեն տիրապետում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ