Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը Գյումրի էր եկել Ստեփանավանից

Ապրիլ 23,2017 15:54

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու «Արգո» խանութի մոտ 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող, 1996 թվականին ծնված Ջ.Ա-ն, որը հոգեկան որոշ խանգարումներ ունի, զինվորական ծառայության ընթացքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, Ստեփանավան քաղաքից է:

Թե ինչու է հայտնվել Գյումրիում ու ինչու է սպանել զինծառայողին, որին բացարձակապես չի ճանաչում, վերջինս Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում երևակայական, ֆանտաստիկ վարկածներ է առաջ քաշել: Նա առաջին իսկ պահից զարմացրել է իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է:

Ինչևէ, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Ստեփանավանից Գյումրի եկած երիտասարդը, տեսնելով, «Արգո» խանութից դուրս եկող զինծառայողին, հարձակվել, սուր-կտրող ծակող գործիքը խրել է նրա պարանոցը: Շրջակայքի մարդիկ արագ արձագանքել են: Նրանք, տեսնելով այս դաժան տեսարանը, հասել են, բռնել վերջինիս. փորձել են պահել մինչև վրա կհասնի ոստիկանությունը. ծեծկռտուք տեղի է ունեցել հենց այս ժամանակ: Մարդիկ փորձել են օգնել նաև զինվորականին, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Այս դեպքով ոչ միայն հարցաքննվել է կասկածյալ Ջ.Ա-ն, այլ ականատես-վկաները: Ստեփանավանից եկած երիտասարդը եղելէ մենակ, նրան ուղեկցող անձինք չեն եղել:
Նշենք, որ Գյումրիում մտածմունքի թեմա է դարձել այն, թե ինչպես կարող են հոգեկան շեղում ունեցող երիտասարդին, որը բանակում ծառայելու ընթացքում մի քանի անգամ ինքնախեղում է կատարել, ծառայությունից ազատվել հոգեկան խնդիրների պատճառով, թույլատրեն ազատ ման գալ: Օգտատերերից մեկը գրում է. «Ով պիտի պատասխան տա օրը ցերեկով սառնասրտորեն վիզ կտրելու ի վիճակի մարդուն հասարակության մեջ ազատ պտտվելու թույլտվություն տալու համար… Որևէ մեկը պատասխան չպիտի տա՝ իհարկե: Միանշանակ է, որ այդ երիտասարդը վտանգավոր է բոլորիս համար, այսօր պարզապես ճակատագրական դուրս եկավ երիտասարդ ռուս զինվորականի համար»:

Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. «Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

2017թ. մարտի 9-ին ՀՀՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի ՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով  2017  թվականի մարտին նա զորացրվել է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930