Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև, 2,9%-ը` միջին, իսկ 0,1%-ը ծանր դեպրեսիվ վիճակում

Ապրիլ 23,2017 12:18

Աշխատունակության նվազում, անքնություն կամ երկարատև քուն, տևական տխրություն, անտարբերություն սիրելի զբաղմունքի հանդեպ, ախորժակի խանգարում կամ շատակերություն, ցրվածություն, անվճռականություն, տագնապի զգացողություն, ինքնավնասման մտքեր. սրանք այն հիմնական հատկանիշներն են, որոնք բնորոշ են դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի խոսքով՝ դեպրեսիան լինում է թեթև, միջին և ծանր. «Դեպրեսիայից խուսափել ոչ ոք չի կարող, պարզապես շատ կարևոր է ճիշտ ժամանակին մասնագիտական օգնության դիմելը, հատկապես, եթե խոսքը գնում է ծանր դեպրեսիայի մասին, քանի որ հենց այս փուլում են գրանցվում ինքնասպանության կամ սպանության փորձերը»:

Ամենատարածված տեսակներն են հետծննդաբերական և ծերացման դեպրեսիաները: Հետծննդաբերական դեպրեսիան հանդիպում է յուրաքանչյուր վեց ծննդկանից մեկի մոտ: Սա այն դեպքերից է, երբ անհետևողականությունը կարող է հանգեցնել հոգեկան վիճակի խորացման, երկարաձգման և դառնալ ծանր դեպրեսիվ վիճակ:

Երևանաբնակ Աննա Հարությունյանը նշեց, որ իր քրոջ մոտ նույնպես եղել է հետծննդաբերական դեպրեսիա. «Հիշում եմ, որ քույրս ծննդաբերությունից հետո չէր ուզում տեսնել ոչ ոքի, անգամ հրաժարվեց փոքրիկին տեսնելուց: Սկզբում մտածեցինք, որ դա մեկ օրից ավել չի տևի և փոքրիկին գրկելուց հետո ամեն ինչ կանցնի: Բայց, ի զարմանս մեզ, Կարինեն անտարբերությամբ էր գրկում և կերակրում փոքրիկին, մեզ հետ խոսում էր սառը, հրաժարվում էր ուտելիքից և գրեթե չէր քնում: Որոշեցինք դիմել մասնագետի, որի անցկացրած թերապիաներն ու նշանակած դեղորայքը օգնեցին մոտ երկու շաբաթվա ընթացքում դուրս գալ դեպրեսիայից»:

Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016-ի զեկույցի` Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև, 2,9%-ը` միջին, իսկ 0,1%-ը ծանր դեպրեսիվ վիճակում:

Դեպրեսիան կարող է լինել ցանկացած տարիքում: Թեև այն հնարավոր է բուժել, խորը դեպրեսիայով տառապող մարդկանց առնվազն 75%-ը չի ստանում անհրաժեշտ բուժում: Դրա հիմնական պատճառներն են ֆինանսական խնդիրներն ու հասարակական կարծիքից խուսափելը:

Վատագույնը, որ կարող է անել դեպրեսիայի մեջ գտնվող անձը` ինքնասպանությունն է: Այն 15-29 տարեկանների մոտ մահացության ամենատարածված պատճառն է:

Ըստ վիճակագրական տվյալների, դեպրեսիան, կանանց մոտ երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Իսկ դեպրեսիայի հետևանքով ինքնասպանությունների թիվը տղամարդկանց մոտ չորս անգամ ավելի է, քան կանանց մոտ:

2017-ին ՀՀ առողջապահության հիմական թեման դեպրեսիան է, որի մասին խոսվեց նաև Առողջապահության համաշխարհային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում: Յուրաքանչյուր տարի օրն ունենում է իր կարգախոսը, որն էր այս տարի` «Եկ խոսենք»:

Արուսիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930