Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 23,2017 10:40

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի՝ Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար», – նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։

Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաեւ հիշեցնել Ամերիկային նրա ավանդական արժեքները․

«Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին եւ ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին եւ 1985-ին»:

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես իր հայտարարությամբ ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր Մեծ եղեռն եւ նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամպի առջեւ պարզ ընտրություն է․

«Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ նա ընտրություն ունի ապրիլի 24-ին բարձրացնելու Ամերիկայի ձայնը եւ կանգնելու արդարության կողքին կամ կոծկելու այն Թուրքիայի ճնշման տակ»։

Սպիտակ տան առջեւ մոմավառությունը, սակայն Հայոց ցեղասպանության հիշատակի մի փոքր մասն է, նշում է Սարգիս Քահանա Ագթավուգյանը․

«Վաշինգտոնի հայ համայնքը ապրիլ ամսվա մեկ օր գալիս է հավաքվում Սպիտակ տան առջեւ՝ հիշեցնելու համար նախագահին, որ մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ այդ ցեղասպանությունը, հակառակ նրան, որ նախկինում ամերիկյան նախագահները ընդունել են ցեղասպանությունը, սակայն վերջին մի քանի նախագահները անտեսում են այս իրականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930