Կուսկուսը մանրաձավարից պատրաստվող նպարեղեն է` շատ տարածված Հյուսիսային Աֆրիկայի երկրներում եւ Միջին Արեւելքում: Այն շատ համեղ է եւ շատ արագ է պատրաստվում: Կուսկուս է կոչվում նաեւ այն ուտեստը, որը պատրաստում են նույնանուն նպարեղենից: Հայտնի են մսով, ձկով, ընդեղենով, ինչպես նաեւ` քաղցր կուսկուսները:
Առաջարկում եմ այսօր պատրաստել բանջարեղենով կուսկուս:
Անհրաժեշտ մթերքները
Կուսկուս-1 բաժակ
Եռացրած ջուր-1 բաժակ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ ճաշակի
Կիտրոն-1 հատ
Թարմ անանուխ-7-8 ճյուղ
Սոխ- 2 գլուխ
Պրաս (բուլղարական սոխ)- կես ճյուղ
Կարմիր թարմ պղպեղ- 1 հատ
Սխտոր- 1 պճեղ կամ 1 թարմ սխտորի ճյուղ
Լոլիկի չիր (պարտադիր չի)- 10 հատիկ
Ձիթապտղի յուղ- 100 մլ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Թասի մեջ լցրեք կուսկուսը եւ նույն քանակով եռման ջուր: Թասը ծածկեք կափարիչով կամ պոլիէթիլենային թաղանթով: Դրեք մի կողմ` 5-10 րոպեով:
Այդ ընթացքում մաքրեք եւ լվացեք բանջարեղենը:
Կիտրոնի կեղեւը քերեք մանր անցքերով քերիչով: Անանուխի տերեւներն առանձնացրեք եւ մանր կտրատեք: Կիտրոնի կեղեւը, կիտրոնի հյութը, համեմունքները, անանուխի տերեւներն ու ձիթապտղի յուղը լցրեք կուսկուսի վրա, որն արդեն ամբողջությամբ ջուրն իր մեջ քաշած կլինի եւ պատառաքաղով լավ խառնեք, որպեսզի խմորագնդիկներ չմնան:
Բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ:
Ավելացրեք մանր կտրատած սոխը, շատ լավ կլինի եթե մի գլուխը լինի կարմիր, մյուսը` սպիտակ: Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացրեք կտրատած պրասը, սխտորը, կարմիր թարմ պղպեղն ու լոլիկի չիրը:
Պարբերաբար խառնելով` թողեք տապակվի 20-25 րոպե` շատ ցածր կրակի վրա: Այս սոխառածին կարող եք նաեւ չորացրած հազրեվարդ կամ ուրց ավելացնել:
Այս ողջ խառնուրդն էլ տաք վիճակով ավելացրեք կուսկուսին, լավ խառնեք եւ մատուցեք: Տաք վիճակում բանջարեղենով կուսկուսը կարող է որպես խավարտ մատուցվել մսեղենի եւ ձկնեղենի հետ, իսկ սառած վիճակում` հոյակապ աղցան է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
22.04.2017