Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք` անազատության մեջ պահվող գորշ արջերի տեսանյութին (Տեսանյութ)

Ապրիլ 22,2017 22:20

FPWC-ին արձագանքում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից վերջերս տարածած անազատության մեջ պահվող գորշ արջերի տեսանյութին:

Դեռևս 2015թ-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից արված հետազոտական աշխատությունում հրապարակվել է ՀՀ տարածքում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների, այդ թվում` կարմիրգրքային գորշ արջերի անօրինական պահման վերաբերյալ տվյալներ (Վայրի կենդանատեսակների առևտրի գնահատում ՀՀ-ում, FPWC/FFI 2015/2016, էջ 26):

Հաշվի առնելով, որ տվյալ ուսումնասիրությունը իրականացվել է բացառապես 4 (չորս) մարզերում, այդ թվում` Երևանում, ինչպես նաև նկատի ունենալով գոյություն ունեցող ոչ պաշտոնական տվյալները` Հիմնադրամի գնահատմամբ ողջ հանրապետության տարածքում անազատ կամ կիսազատ պայմաններում անօրինաբար պահվում է 60-ից 80 գորշ արջ:

Հարկ է նշել, որ վայրի կենդանու կենսաբանական առանձնահատկություններին չհամապատասխանող անազատ կամ կիսազատ պայմաններում պահումը հանգեցնում է ֆիզիոլոգիական արատների (հատկապես աճի և զարգացման շրջանում), հոգեբանական խեղումների, ագրեսիվ վարքագծի, կենդանու բնազդների մասնակի կամ լիովին կորստի, ինչի արդյունքում անհնար է դառնում տվյալ կենդանու հետագա ֆիզիկահոգեբանական վերականգնումը և ինտեգրումը բնական միջավայրին:

Ավելին, ՀՀ Կենդանական աշխարհի մասին օրենքի համաձայն արգելվում է վայրի բնության միավորների (այն է` կենդանիների) ապօրինի պահումը անազատ պայմաններում, իսկ տվյալ դեպքում` գորշ արջերի` Կարմիր գրքում գրանցված լինելը է՛լ ավելի է ծանրացնում ՀՀ օրենքներից և միջազգային կոնվենցիաներից բխող հնարավոր օրենսդրական հետևանքները:

Ոլորտում երկար տարիների աշխատանքը ցույց է տվել, որ խնդրի արդյունավետ հանգուցալուծման համար անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցում` օրենսդրական փոփոխությունների և պատժողական կիրառելի մեխանիզմների կիրարկմամբ:

Դեռևս 2016-ի սկզբին, Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների փրկման գործը ստանձնելուց հետո, ինչպես նաև նկատի ունենալով ոլորտի օրենսդրական կարգավորման ակնհայտ բացերը` Հիմնադրամը ներառվեց ՀՀ բնապահպանության նախարարությանը կից խորհրդում, ուր առաջ եկավ ոլորտի խստիվ կարգավորման և պետական լիարժեք վերահսկողության սահմանման առաջարկներով, համապարփակ ներկայացրեց առաջատար միջազգային փորձը, ինչպես նաև համապատասխան առաջարկներ ներկայացրեց ՀՀ Կենդանական աշխարհի մասին օրենքի փոփոխության համար, ինչով մինչև 2016թ. ավարտը պետք է վերջ դրվեր վայրի բնության միավորների անօրինական պահման ավանդույթին` վայրի կենդանիների հաշվառման, անազատության կամ կիսազատության մեջ պահման պայմանների գնահատման (այդ թվում` սննդակարգից մինչև կենդանաբուժական պարտադիր զննում`պետական վերահսկողությամբ), պարբերական ստուգայցերի կատարման, չհամապատասխանելու դեպքում` տուգանքների սահմանաչափի բարձրացման (ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն), կենդանու առգրավվման մեխանիզմների ստեղծման միջոցով:

Առաջարկվող օրենքի նախագծով նախատեսվում էր նաև ՀՀ-ում Վայրի բնության փրկարար կենտրոնի ստեղծման պետական համաֆինանսավորում` տուգանքներից գոյացած ֆինանսական ֆոնդի հաշվին, որով կենդանիների առգրավվման և հետագա պահման խնդիրը երկարաժամկետ լուծում կստանար:

Օրենքի փոփոխությունների նախագծի հետագա ընթացակարգի վերաբերյալ Հիմնադրամը տեղեկություններ չունի:

Ներկայումս Արարատի մարզում, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարինում (ԿԿԱ) գործում է Վայրի բնության փրկարար կենտրոնի կարանտինային կայանը, որը կառուցվել է Հիմնադրամի գործընկերների աջակցության և մասնավոր հանգանակություների շնորհիվ, քանի որ Հիմնադրամը, ելնելով իր կազմակերպաիրավական տեսակից, շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

Տեսանյութում ներկայացված կենդանիների առգրավման և տուգանքների նշանակման լիազորությունը ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական տեսչության գործառույթն է` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Սույնով Հիմնադրամը հայտնում է իր պատրաստակամությունը՝ օրենքի լիարժեք կիրարկման պարագայում կենդանիների առգրավման գործընթացին աջակցություն ցուցաբերելու:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930