Նարեկացի Արվեստի Միությունում, «Գրադարան»- ի եւ «Ազգային Ընկերվարական Ճակատ»-ի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ զրույց-քննարկում «Արվեստը, ազգայնականությունը եւ մշակույթը» թեմայով:
Գրադարան նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը զրույցը սկսեց այն հարցով, թե արդյոք արվեստը ճանաչո՞ւմ է ազգություն: Ըստ նրա, այսօր շատ արվեստագետներ ասում են, որ արվեստը առանձին լեզու է , չունի ազգություն և սահման, որի հետ նա այնքան էլ համաձայն չէ:
«Ես կողմ եմ, որ արվեստը ազգություն ճանաչում է, եթե օրինակ ես չեմ հասկանում ֆրանսիական երաժշտություն, դա նրանից է, որ այն իմը չէ, ինձ հոգեհարազատ չէ, այն ստեղծել է ֆրանսիացին՝ ֆրանսիացու համար»,-ասում է Ռադիկ Կարապետյանը:
Կարդացեք նաև
Խոսվեց ազգայնականության մասին: Այն եղել է շատ վաղուց, դեռ սամուրայների ժամանակներից, և ինչպես ազգերն են տարբեր, այնպես էլ ազգայնականության ընկալումներն են տարբեր:
Ըստ Ռադիկ Կարապետյանի`մեր՝ հայկական ազգայնականությունը պաշտպանողական է. «Այն ձգտում է, ոչ թե թագավորության ստեղծման, այլ մտածում է ազգի մասին, այն ավելի շատ մոտ է սոցիալիզմի հասկացողությանը: Մեր ազգայնականությունը չի ձգտում երկրներ նվաճել»:
Շատերը, ըստ Ռադիկ Կարապետյանի, կարծում են, որ հայկական ազգայնականությունը առաջացել է ի հակակշիռ թուրքական ազգայնականությանը, որը սխալ է. «Նույն ազգայնականները պայքարում էին, թե ցարական Ռուսաստանի, և թե Օսմանյան Թուրքիայի դեմ, և նրանց կարգախոսներում չէինք լսի, հայերը լինեն միակը, ստեղծեն թագավորություն»:
Ռադիկ Կարապետյանի ձևակերպմամբ մենք՝ հայերս, տարբերվում ենք մյուս ազգերից, մեր մտածելակերպով. «Նկատած կլինեք, որ տարբեր ազգեր իրենց երկրում գտնվող այլազգիներին տալիս են մականուններ, օրինակ՝ ռուսները ասում են չուռկա, հրեաները՝ գոյ, բայց հայերեն լեզվում չկա նման նսեմացնող բառ»:
Արվեստի մասին խոսվեց ազգայնականության հետ զուգահեռ տանելով, քանի որ ըստ Ռադիկ Կարապետյանի, արվեստը պահպանվել է հենց ազգայնականների շնորհիվ և այն գիտություն է ձևավորված զգացմունքների միջոցով:
Տարբեր ազգերի արվեստներ կրում են փոխազդեցություններ և հայկականը ևս բացառություն չէ:
Արվեստի դերը և նշանակությունը հասարակության կյանքում Ռադիկ Կարապետյանը բացատրեց Վերնատան օրինակով, որի անդամները տարբեր կուսակցությունների են հարել, այսինքն ՝ մտավորականը, քաղաքական և երկրի կայացման գործընթացների, տարբեր փուլերի մասնակից է :
Մշակույթի և արվեստի տարբերությունը այն է, որ արվեստը ավելի շատ անձնական բնույթ ունի, երբ իմից դառում է մենք, վերածվում է մշակույթի:
Զրույցի ընթացքում մասնակիցները փորձեցին ազգայինը պահպանելու եզրեր գտնել:Եվ Ռադիկ Կարապետյանը տարբեր ազգերի մշակույթների մասին խոսելիս՝ հիշեց Կոմիտասի խոսքը. «Երբ Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասին հարցնում է, որ երաժշտությունն է ավելի լավը՝ եվրոպակա՞նը, թե՞ հայկականը, նա պատասխանում է՝ եղբայր դու կուզես դեղձից ծիրանի համ առնել»:
Այսինքն՝ ամեն ազգի մշակույթ, յուրովի լավն է և մեզ մնում է պահպանել մերը:
Խոսվեց նաև տարբեր ազգերի ճարտարապետության, ինչպես նաև Երևանի հատակագծի և օպերայի շենքի Բաբելոնյան արմատների մասին. «Շատերը դիտել են Երևանի մասին Տիգրան Խզմալյանի ֆիլմը, որտեղ ասվում է, որ Օպերան կառուցելու համար Թամանյանը վերցրել է Պիտեր Բրեյգելի «Բաբելոնյան աշտարակը» կտավի վերին հատվածը»:
Ռադիկ Կարապետյանը իր տեսանկյունից տվեց բացատրություն՝ ասելով, որ Թամանյանը Խորհրդային իշխանություններին ուզեցել է հենց բաբելոնյան աշտարակաշինության տարաձայնությունների և անհամատեղության մոդելը ցույց տալ, այսինքն` նմանեցնել հենց Խորհրդային իշխանությանը: Վերջում մասնակիցներից յուրաքանչյուրը խոսեց արվեստի առումով իր պատկերացումների մասին:
Տեղեկացնենք նաև, որ Գրատարան նախաձեռնությունը և Ազգային ընկերվարական ճակատը, կկազմակերպեն Նժդեհ. «Որդիների պայքարը հայրերի դեմ» թեմայով զրույց քննարկումը, որը տեղի կունենա ապրիլի 29-ին Նարեկացի Արվեստի միությունում:
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ