Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրիենալեի հետ կապված մանրամասների մասին խոսեցին «Արվեստների հայկական խորհրդի» ներկայացուցիչները: Կազմակերպիչների հավաստմամբ` տրիենալեն կմեկնարկի այս տարի հուլիսին և այն կլինի շարունակական’ 3 տարին մեկ անգամ: Որպես գլխավոր համադրող հրավիրված է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, որը Վենետիկի բիենալեի Ոսկե առյուծի դափնեկիր է: Նաև հրավիրված են լինելու ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր՝ Իլյա և Էմիլիա Կաբակովները: Տրիենալեի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն բրազիլահայ մոդերնիստ Գասպար Գասպարյանի աշխատանքները:
«Այս օրերին Հայաստանում են շուրջ 10 արվեստագետներ տարբեր երկրներից, որոնք պետք է մասնակցեն մեր տրիենալեին: Այս այցը հետազոտական, ճանաչողական է, որի արդյունքում կստեղծվեն աշխատանքներ, որոնք հետագայում կներկայացվեն տրիենալեին»,- նշեցին կազմակերպիչները:
Իսկ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունեց և կարևորեց այս նախաձեռնությունը: Նախարարը ասաց, որ արվեստագետների շփումը, փորձի փոխանակում շատ կարևոր է տեղական արվեստը զարգացնելու համար և այս տրիենալեն լավ հարթակ է միջազգային ճանաչման համար. «Տրիենալեն Հայաստանի համար դառնալու է կարևորագույն գործիքներից մեկը և այն կձևավորի նաև ավանդույթներ: Շատ ուրախ եմ, որ լինելով առաջին տրիենալեն հիմնական ուղղություն է վերցրել դեպի Գյումրի: Այս կերպ մենք կվերականգնենք նաև Գյումրու բիենալեի ավանդույթները: Գյումրիում ունենք բացառիկ արվեստագետներ, որոնք արժանի են ներկայանալու միջազգային հանրությանը»-իր խոսքում ասաց Ա. Ամիրյանը:
Նախագծին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը, «Արվեստը` հանուն աշխարհի» շվեցարական կազմակերպությունը, «Արվեստ Հայաստան» հիմնադրամը:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ