Իսկ ինչպե՞ս է ընդունում հասարակությունը: Ինչպես միշտ, հեռուստադիտողը «ձայնազուրկ» է եւ բավարարվում է նրանով, ինչ առաջարկում է հեռուստատեսությունը: Նրանց, ում դուր չի գալիս հնդկական սերիալների նորամուծությունը հայկական հեռուստաեթեր, չի դիտում, անտարբեր է, քանի որ չկա ստիպողականություն: Բայց «Admosphere Armenia» ընկերության մոնիտորինգի արդյունքը ցույց է տալիս, որ հասարակության մեծ մասը սիրով եւ մեծ բավականությամբ է դիտում այդ սերիալները:
Թե ի՞նչն է այդպես գրավում մարդկանց, պրոֆեսոր Շոմա Մունշին («Հեռակառավարման վահանակ. հնդկական հեռուստատեսությունը նոր հազարամյակում եւ փրայմ-թայմ հեռուստասերիալները հնդկական հեռուստատեսությամբ» գրքի հեղինակ) ասում է, որ հնդկական սերիալներն ունեն մեկ գլխավոր սյուժե եւ բազում ենթասյուժեներ, վերելքներ եւ վայրէջքներ, ապօրինի կապեր եւ հարաբերություններ, որոնք էլ դիտողին պահում են հեռուստացույցին գամված: Դրանց մեծ երկրպագուները հիմնականում տնային տնտեսուհիներն են եւ տարեց մարդիկ:
Ի՞նչ են տալիս հնդկական սերիալները հայ հեռուստադիտողին: Հավանաբար գրեթե նույնը, ինչ հայկական սերիալները: Մի՛ քիչ ավել, մի՛ քիչ պակաս, այդքան էլ շատ չէ տարբերությունը: Նմանատիպ թե՛ հայկական, թե՛ հնդկական սերիալները մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում, եւ հեռուստատեսությունը, որ պետք է կրթի հասարակությանը, հակառակ ազդեցությունն է ունենում: Մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ հնդկական սերիալները այդքան մեծ թվով են ցուցադրվում, այն էլ երեկոյան ժամերին:
Փրայմ թայմը «գրաված» հնդկական, ներառյալ ոչ պակաս առատությամբ հայկական սերիալները, հեռուստադիտողին հեռացնում են մի շարք կարեւոր սոցիալական խնդիրներից եւ իրադարձություններից: Եվ այն կարեւոր «թեժ» ժամերին, երբ պետք է ցուցադրվի ամենաէականն, ինչպիսիք են լրատվական, հասարակության հուզող հարցերին վերաբերող հաղորդումները, ցուցադրվում է սերիալ` կտոր մը Հնդկաստան հայկական հեռուստաեթերում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում