Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալիս է ազգայնականների ժամանակը

Ապրիլ 22,2017 10:12

Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո, բայց հետեւելով մեր երկրի եւ աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետեւյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, եւ դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները եւ կեղծիքները: Գուցե դա լինի խիստ մոդիֆիկացված Դաշնակցությունը, գուցե ձեւավորվի նոր շարժում, բայց , կարծես թե, այդ ճանապարհն է երեում:

Անձամբ ինձ այդ ճանապարհը դուր չի գալիս՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մանր եւ միջին սեփականատերերը՝ մարդիկ, որոնք հարուստ չեն, բայց կարողանում են «գլուխները պահել», կարողանան ինքնակազմակերպվել եւ ձեւավորել իշխանություն, որը կարտահայտնի իր շահերը: Այդ խավն է ազատական գաղափարախոսության հիմքը, ոչ թե մերօրյա ֆեոդալները՝ աղքատիկ ներաշխարհով եւ նույնքան աղքատիկ բառապաշարով: Օլիգարխներին խաղի կանոններ պետք չեն, նրանց պետք են արտոնություններ, անվերահսկելիություն եւ «անթափանցություն»:

Բայց իրապես ազատական կարգեր հաստատելու համար պետք են (մի զարմացեք) շատ խիստ, նույնիսկ կասեի՝ դաժան բարոյական, գուցե կրոնական սահմանափակումներ: «Թասիբով», «ջիգյարով» եւ «մաղարիչով» կապիտալիզմ չես կառուցի, այն հնարավոր է կառուցել արժանապատվությամբ, ինքնազսպմամբ եւ բծախնդիր պարկեշտությամբ: Քանի դեռ մեր հասարակությունն այս արժեքները չի դավանում, միջին խավ չի ձեւավորվում: Ոչ էլ իսկական շուկայական հարաբերություններ:

Այնուամենայնիվ, պետությունն ու հասարակությունը արդիականացման կարիք ունեն: Ստալինի, Հիտլերի կամ Պինոչետի տարբերակը Հայաստանում չի անցնի՝ ռեսուրսներ չկան: Ուրեմն պետք կլինեն ինչ-որ գաղափարներ, եթե ուզում եք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Դրանք, ենթադրում եմ, կլինեն ազգայնական գաղափարները: Մի քանի օլիգարխ, մի քանի տոկոս միջին խավ եւ ավելի քան 90 տոկոս լյումպեններ ունեցող հասարակությանը անհրաժեշտ են պատրանքներ, որոնց հետեւից այդ ճնշող մեծամասնությունը կգնա: Առայժմ այդ «արժանահավատ պատրանքները» չկան: Հակառակ դեպքում մեծամասնությունը չէր գնա 10 հազարանոցների հետեւից: Վաղը դրանք կերեւան: Նկատի ունեմ մոտակա 10-20 տարում: Այդ պատրանքները կարող են հանել պետությունը ճահճացած վիճակից: Իհարկե, դրանք նաեւ շատ վտանգավոր են: Բայց ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ես էլ այդ կարծիքին եմ՝կգա այդ ժամանակը Մեծն Նժդեհի գաղափարախոսության ներքո..

  2. Լավատես says:

    Միայն սեփական ազգը անկեղծորեն սիրողն ու հարգողն է ունակ սիրել ու հարգել այլ ազգերին նույնպես, միայն սեփական գյուղն ու քաղաքն ու պետությունը սիրողն ու հարգողն է ունակ սիրել այլ ազգերի պետական կառույցները նույնպես, այսպիսի մարդիք են ինձ համար իսկական ազգայնական, երբ սիրում ես քո ազգայինն ու հարգում այլազգու իրավունքն ու նման վերաբերմունքը իր սեփական ազգի նկատմամբ: Բայց նման ազգայնական վերաբերմունք պետք է լինի նաեւ միջհայկական հարաբերություններում՝ սեփական բարբառի, խոհանոցի, տեղական պետական կառավարման ու այլ տեղական առանձնահատկությունների նկատմամբ, սա նշանակում է, որ տեղական կառավարման ռազմավարական պաշտոններում կարող են ընդգրկվել միայն տիտղոսային ազգի ներկայացուցիչը, այսինքն՝ տվյալ գյուղի գյուղապետ պետք է ընտրվի միայն այդ գյուղի ներկայացուցիչը, ինչքան էլ հանճարեղ լինի դրսի ներկայացուցիչը: Դրա համար պետք է բացվեն պետական ռազմավարական կառավարման համալսարաններ տեղական ու հանրապետական պաշտոնյաների բարձրագույն կրթության համար:

  3. araqel says:

    Այո, միանշական է, որ դիկտատորները, դրանք ազատականները -լիբերալները են: Նայենք ոչ հեռու անցիալից- բոլշևիկները: Նրանք ժամանակի ամենալիբերալ ուժն էին, ներառլյալ Տրոցկի-Ստալինը ու զավթելով իշխանությունը ինչ չարիք դարձան:
    Լիբերալները միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են, ու երբ որ մեծամասնությանը խաբելով զավթում են իշխանությունը, մեծամասնության գլխին դառնում են դիկտատոր- ասել է չարիք:

  4. Ruben says:

    Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի՝ նախարարությունների ու կուսակցությունների բաժանված ինքն իրեն պիտի կոտորի: Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։
    Լեռ Կամսար

  5. Հ.Շ. says:

    Հայաստանում այժմու դրութեամբ արդէն իշխում են ազգայնական ըմբռնողութեամբ քաղաքական եւ գաղափարական ուժեր:

    Այդպէս է, Առաջին Նախագահի գահընկեցութիւնից ի վեր (անոր տիրապետութեան շրջանին ալ ժողովուրդը ազգայնական էր՝ անկախութիւն եւ Արցախի ազատագրում, սակայն քաղաքական վերնախաւը տարբեր մօտեցումներ ունէր) :

    Հետեւաբարար, կարծեմ Խմբագիրը խօսում է ծայրահեղ ազգայնականութեան, ազգայնամոլութեան մասին:

  6. Հ.Շ. says:

    Յ.Գ. Հակառակ իր տարածուած հռչակին, սխալ դասակարգումին եւ պիտակման (թիւրիմացութիւն մը, որ ոչ միայն – հայերու մօտ – արդիւնքն է սովետական քարոզչութեան, այլ որ ընդհանուր է, մինչեւ իսկ թշնամիի մտքում), Հ.Յ. Դաշնակցութիւնը, ինքնին եւ էականօրէն, երբեք ազգայնամոլ չէ եղած: Անոր մէջէն անցած են ծայրահեղ ազգայնականութեամբ տոքորուած անձեր, սակայն, նամանաւանդ քաղաքական դաշտում, հազիւ չափաւոր, տարրական ազգայնականութիւն ցուցաբերած կամ իրագործած է այդ կուսակցութիւնը: Ի դէպ, այս պատճառով է որ որոշ տեսակի դաշնակցականներ, տեղ մը, կը յուսախաբուին Դաշնակցութենէն: Ամէն դէպքում, հաւանական չէ որ երբեւիցէ նա հասնի այժմու Հայաստանի հիմնական իշխանութեան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930