Պարզաբանումներ եւ հարցեր` Վիգեն Սարգսյանի
ներկայացրած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի մասին
Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ռազմական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը:
Հանրության շրջանում այս ծրագրերը տարընթերցումների տեղիք տվեցին, ուստի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ ներկայացրեց:
«Ես եմ» ծրագրին մասնակցելու դեպքում ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը ստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում` պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս անձին կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին տվյալ անձի անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 միլիոն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում` մատչելի բնակարան, ուսման վարձի փոխհատուցում, մինի ֆերմայի ստեղծում:
«Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելով` սովորելով քաղաքացիական բուհում` մասնակից երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայցելեն զինվորական պատրաստության դասընթացի: Այդ ուսուցումը հաջող անցնելու եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանա լեյտենանտի սպայական կոչում եւ երեք տարի ժամկետով կանցնի ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվելու է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այս դեպքում նրանք կստանան ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձ: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում երիտասարդը նաեւ կստանա լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով:
Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա մագիստրոսական կրթությունը:
«Առավոտը» ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց` իրատեսակա՞ն են պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը: Նա դրական գնահատեց այդ գաղափարներն ու փաստեց, որ եթե մինչեւ այժմ այս տեսակի գաղափարները մեկ էլ օրենսդրական նախագծով բերում էին ԱԺ առանց հանրային քննարկման եւ անցկացնում դրանք, այս անգամ ոնց որ թե որդեգրել են այլ մոտեցում, երբ գաղափարը հնչեցվեց, եւ այն դառնալու է հանրային լայն քննարկման առարկա:
Պարոն Պողոսյանը նշեց, որ բավականին ժամանակ կա այս գաղափարները քննարկելու համար. «Մենք ունենք առնվազն չորս ամիս` հաշվի առնելով այն, որ եթե նոր ԱԺ-ն մայիսի 18-ին սկսի աշխատանքները, ապա մինչեւ ամառային արձակուրդներն այս նախագիծը քննարկման խնդիրներ չի ունենալու: Սեպտեմբերին միգուցե կներկայացվի ԱԺ: Սա շատ լավ ժամանակահատված է մանրակրկիտ, տարբեր կողմերի հետ քննարկելու համար»:
Ըստ Թեւան Պողոսյանի` լավ է, որ փորձում են այլընտրանք առաջարկել, որպեսզի զինվորն ինքը ընտրի, թե ինչ մոտեցմամբ կցանկանա ծառայել. «Կամ կհաշվարկի, որ ծառայությունը երեք տարի կկոչվի, բայց յոթ ամիս տանը կլինի, դրա հետ միասին առնվազն վերադարձից հետո հինգ միլիոն ձեռքին գումար կլինի, կամ կընտրի սովորական ծառայությունը»:
Պարոն Պողոսյանը տեղեկացրեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու ներկայացվող գաղափարների քննարկումներին, սակայն դեռ չցանկացավ առարկություններ ու առաջարկություններ ներկայացնել` պատճառաբանելով, թե դա իր ոճը չէ, երբ հանպատրաստից, միայն մեկ օրվա մեջ գաղափար լսելով` կարծիք են հայտնում:
Այնուամենայնիվ, պարոն Պողոսյանը մի քանի հարցադրումներ արեց. «Հարց է, թե հինգ միլիոնը երեք տարի հետո ի՞նչ արժեք է ունենալու, ինչքա՞ն մարդիկ են դիմելու, միգուցե փորձնակա՞ն անենք»: Պարոն Պողոսյանը գաղափարներից մեկը նմանեցրեց ամերիկյան մոտեցմանը, որի համաձայն` ԱՄՆ ցանկացած քաղաքացի կարող է վարկ վերցնել, գնալ, համալսարանում սովորել, եւ բանակը դա կփոխհատուցի. «Նույնը մեզ մոտ քննարկվող գաղափարում է, որ եթե անձը երեք տարի ծառայի բանակում, իր ուսման վարձերն ու ապագա մագիստրատուրայի վարձերը կփոխհատուցեն: Սիրուն գաղափար է, բայց հարց է, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Պետք են կանոնակարգումներ: Ապրում ենք մի երկրում, որտեղ հազարավոր լավ օրենքներ կան, բայց դրանց կիրառումն է խնդիր»:
Պարոն Պողոսյանը դրական է համարում այն, որ հինգ միլիոն գումարի վրա սահմանափակումներ են դրվում, քանի որ կարող են գտնվել անձինք, որոնք այդ հինգ միլիոնը ձեռքները կգնան ընկերների հետ քեֆ կանեն, մի հատ էլ խաղադրույք կանեն ու կվատնեն այն:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
21,04.2017