Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալ. «Ուրիշների արածների համար ես եմ դատապարտվել»

Ապրիլ 22,2017 15:00
kalanavorum

2008թ. մայիսի 9-ին Արաբկիրի ոստիկանության բաժնում հաղորդում ստացվեց այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախկին աշխատակից, «Իրավագարանտ» ընկերության տնօրեն Վոլոդյա Վարդանյանը ապրիլի 24-ին դուրս է եկել տնից ու այլեւս չի վերադարձել: Հաղորդում տվողը նրա որդին էր: Լուրեր տարածվեցին, թե նրան սպանողը Աշոտ Հակոբյանն է: Չանցած հինգ օր՝ Վ. Վարդանյանի ստորագրությամբ նրա բաժնեմասի վաճառք եղավ, նրա ընկերությունների անվանափոխումներ: 2015-ին Վ. Վարդանյանի դին տեղափոխվեց Ուկրաինայից Հայաստան. պարզվեց՝ նա անհետացումից մինչ մահը Հայաստանից դուրս է գտնվել: Եվ իզուր էր հաղորդում տված որդու եւ Ա.Հակոբյանի հետ առերեսում անցկացվում, եւ որդիներն էլ երկու տարի իրենց ցուցմունքները սկսում «քանի որ մեր հորը սպանողը Աշոտն է» նախադասությամբ:

Աշոտ Հակոբյանը նույն ժամանակահատվածում դիմել է համայնքի դատախազ Գ. Միքայելյանին, հայտնելով. «2008թ. նոյեմբերին Վոլոդյա Վարդանյանին տեսել են «Շենգավիթ Ա» ընկերության աշխատակիցները, հետագայում՝ Ուկրաինայում, սակայն չեն «հավատացել»:

«Քսան տարի է՝ բազմիցս դիմել եմ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ներկայացրել ինձ հետ կատարվածը, կատարողների ով լինելը, եւ կատարելու բոլոր դրդապատճառները, կից ներկայացնելով, ինչպես իմ վերաբերյալ հարուցված շինծու քրեական գործում առկա փաստաթղթերը, այնպես էլ կաշառակեր ստոր պաշտոնյաներին, ովքեր արհարմարհելով օրենքն ու օրինականությունը, անվախորեն օգտվելով անպատժելիության մթնոլորտից, իրողությունը ներկայացրել են ոչ այնպես, ինչպես որ կա, այլ այնպես, ինչպես որ իրենք են ուզել»,- ասում է արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 6 տարի 10 ամիս իր պատիժը կրող Աշոտ Հակոբյանը: Նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման, «Շենգավիթ Ա» ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու եւ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեղադրանքով:

Դատապարտյալը 83 էջանոց ձեռագիր բողոքով դիմել է ԱԱԾ պետին, գլխավոր դատախազին, վարչապետին եւ ՄԻ պաշտպանին, փաստաբաններին, պատգամավորներին, ներկայացնելով իր քրեական գործը՝ «Բազմաթիվ աղաղակող կեղծիքներ մի գործում» խորագրով:

Դատապարտյալը հույս ունի, որ նշյալ անձինք, ինչպես նաեւ պատգամավորներն ու փաստաբանները կվերցնեն իր նամակ-բողոքը հսկողության տակ, եւ եթե կա իրոք կաշառքի եւ կոռուպցիայի դեմ պայքար, ապա այս դեպքում, կբացահայտեն նրան երկարատեւ պատժաչափի դատապարտելու բոլոր պատճառները:

«Բաց նամակ-բողոքս գրելու շարժառիթը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ինձ մոտ՝ «Հրազդան» ՔԿՀ այցելած Կենտրոնի քննչական բաժանմունքի քննիչ Լեւոն Կարապետյանի հետ հանդիպումն էր, որի ընթացքում բավական հետաքրքիր նորություններ իմացա: Տեղեկացա, որ հանցագործ Վոլոդյա Թորգոմի Վարդանյանը, նրա հանցակից որդի՝ Արմեն Վարդանյանը հանցագործության մասին «Հաղորդում» են ներկայացրել իրենց ընդհանրապես չպատկանող գումարների հետ կապված: Ի դեպ, Վ. Վարդանյանը նախկինում ընդգրկված է եղել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, եւ ուղղորդված աուդիտորական գործունեություններ ծավալելով, տիրապետել տվյալ կազմակերպությունների գաղտնիքներին, այն օգտագործելով ի շահ իրեն»,- իր բողոքում գրել է դատապարտյալ Ա.Հակոբյանը:

Նրան այցելել էին նաեւ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանմունքի պետի տեղակալը՝ Մհեր Ներսիսյանն ու քննիչ Սոֆի Թորոսյանը, որոնք հայտնել են, թե հարուցվել է քրեական գործ՝ Թորգոմ Վոլոդյայի Վարդանյանի եւ Գեւորգ Համլետի Գեւորգյանի կողմից կեղծ պայմանագիր կազմելու միջոցով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Խոսքը «Շենգավիթ Ա» հիմնադիրներից, 50,4 բաժնեմասի բաժնետեր Իգոր Մանդելի կողմից «Շենգավիթ» ՍՊ ընկերության անունից տասը տարի մարման ժամկետով «HSBC բանկ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված 193.407.000 դրամից 176.000.000 գումարը Վ.Վարդանյանի «Եվրոֆինանս» ՍՊԸ եւ «Պրոմեթեյ բանկի» բացված հաշվեհամարին փոխանցելու, եւ 62 000 000-ը յուրացնելու գործի մասին էր եւ Աշոտ Հակոբյանի տան վրա կալանք դնելու Արաբկիրի քննիչ Կ.Հակոբյանի որոշման մասին:

Ի դեպ, 7,5 տարվա հետախուզման մեջ է գտնվել Վոլոդյա Վարդանյանը:
Դատապարտյալ Ա. Հակոբյանը տնօրինել է «Խաչվառ» եւ «Եվրոսպորտ» ՍՊ ընկերությունները, որտեղից նույնպես առանձնապես խոշոր գումարներ են հափշտակվել:
Ըստ բողոքաբեր դատապարտյալի, Վ.Վարդանյանի որդին էլ՝ Արման Վարդանյանը տասնհինգ տարի առաջ սկսված հանցագործությունների ակտիվ վկաներից է, ծրագրավորողն ու մասնակիցը:

«Հոր՝ Վոլոդյայի իբր անհետանալուց հետո, որպեսզի այդ հափշտակված գումարները չվերադարձներ, մշտապես հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում, դրանց տիրանալու համար ամեն տեսակի միջոցների է դիմել»,-գրել է Ա.Հակոբյանը:
Դատապարտյալը 2014թ. մայիսի 5-ին դիմել է նախկին գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, խնդրելով՝ հնարավորության դեպքում հանդիպել իր հետ, քանի որ ցանկացել է ասել այն պաշտոնյաների անունները, որոնք իրենից 60 միլիոն դրամ կաշառք են ուզել, եւ կաշառքը չտալուց հետո իրեն տուժողից մեղադրյալի կարգավիճակ են տվել: Հանդիպումը գլխավոր դատախազի հետ տեղի չի ունեցել. «Քրեական գործս տեղափոխվեց ԱԱԾ-ի քննչական վարչություն, եւ կատարված կեղծիքները պարզաբանելու փոխարեն՝ ԱԱԾ քննչական վարչությունում ձնագնդի էֆեկտով արհեստական վարկածներ հորինելով՝ ինձ մեղադրեցին, մեղադրանք առաջադրեցին ու դատապարտվեցի անօրինական ազատազրկման»:

Ա.Հակոբյանը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսից Արաբկիրի ոստիկանության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Վոլոդյա, Արման, Արամ, Թորգոմ Վարդանյանների մտերիմներից Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ էլ:

Ու հենց այդ փուլում էլ Վարդանյանները դիմել էին դատարան՝ Ա.Հակոբյանին սնանկ ճանաչելու համար:

Երբ հետախուզման մեջ գտնվողի հասցեն Ա.Հակոբյանը փոխանցել է քննչականի պետին, պարզվել է, որ գործը փակվել էր:

Իբրեւ «Խաչվառ» ընկերության տնօրեն՝ Ա.Հակոբյանը դիմել էր Արաբկիր քննչական պետին, խնդրելով իրենց ճանաչել տուժող:

Ըստ այդ դիմումի, «Եվրոֆինանս» եւ «Իրավագարանտ» ընկերությունների նախկին տնօրեն Վ.Վարդանյանը, միաժամանակ հանդիսանալով «Խաչվառ» ընկերության փոխտնօրենը, վարել է վերջինիս հաշվապահական գործը, եւ առանց ընկերության իմացության, որդուն տվել է բանկերում հանդես գալու լիազորագիր՝ Աշոտ Հակոբյանի անունից: Հաշվեհամարից էլ դուրս էին գրվել գումարներ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930