Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցներին միացավ ինքնուրույն պահանջ ներկայացնող ուսումնական հաստատությունը

Ապրիլ 22,2017 14:30

Նոր հայցապահանջն էր. «Պատասխանող Նորիկ Սարգսյանի կողմից արված «ՀՊՏՀ-ում խրախուսում են անօրինականությունն ու կեղծիքը, գրագողությունն ու կոռուպցիան» արտահայտությունները զրպարտություն են, քանի որ դրանք վերաբերում են փաստացի տվյալների, չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակային, արատավորում են հայցվորի գործարար համբավը եւ արվել են հայցվորի գործարար համբավը վնասելու նպատակով»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում է գտնվում ՀՊՏՀ ռեկտոր, դասախոսներ Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի, Միհրդատ Հարությունյանի՝ ընդդեմ Նորիկ Սարգսյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին:

Դատական նիստին ներկայացել էին պատասխանողի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը եւ հայցվորների ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը:
«Առավոտը» հաջորդ դատական նիստին կներկայացնի իր լիազորված ներկայացուցչին:
Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանը դատարանին տրամադրեց նոր՝ «Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի»՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայցադիմումը:

«Գործարար համբավի պաշտպանության մասին» հայցադիմումը, որը բաղկացած էր երկու էլեկտրոնային էջից, փոխանցվեց կողմերին:

Նոր հայցապահանջում որպես երկրորդ պատասխանող նշվել էր միայն «Առավոտը»:
Ըստ էության, դասախոսական կազմի «մայր հայցին» զուգահեռ պահանջներից էր՝ «Առավոտին» պարտավորեցնել հրատարակել հերքում:

Կար անգամ առերեւույթ հերքման տեքստը:

Նոր հայցապահանջով խնդրում էին Նորիկ Սարգսյանից, որի նամակն է տպագրել «Առավոտը», հօգուտ հայցվոր բուհի, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար:
Գործարար համբավը վիճարկողը գնահատական է տալիս իր նախկին աշխատակցի գործողություններին. «Նորիկ Սարգսյանն աշխատանքից ազատվելուց հետո տարբեր միջոցներով՝ հրապարակումների, դիմումների, բողոքների, փորձում է հասնել նրան, որպեսզի հեղինակազրկվի ՀՊՏՀ-ն»:

Դատական նիստը նշանակվեց հունիսի 26-ին:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930