Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկականի երաժիշտների ճակատագրերը խաչվում են

Ապրիլ 22,2017 14:00

Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին կայանալիք Համահայկական նվագախմբի համերգի փորձերը հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի շատ երաժիշտների մոտ: Նրանք գալիս են հանդիպելու իրենց երբեմնի կոլեգաներին, ընկերներին, արվեստագետների, որոնց հետ անցկացրել են ուսանողական տարիները: Հիշեցնենք, որ նվագախմբի 90 երաժիշտներից 70-ը Սփյուռքից են, նրանց մեջ կան նաեւ առաջին անգամ հայրենիք այցելողներ, իսկ 20-ը հայաստանյան տարբեր կոլեկտիվների արտիստներ են:
«Առավոտը» ապրիլի 19-ի համարում ներկայացրել էր նրանցից 4-ին: Ոմանց հետ էլ հանդիպեցինք նախօրեին:

Արմատներով Պոլսից, ծնունդով Ֆրանսիայից՝ ջութակահար Դելֆին Տեր-Ավետիսյանը կրթությունը ստացել է Փարիզում, շուրջ 15 տարի Լիլ քաղաքի ազգային նվագախմբի արտիստ է: Այս կոլեկտիվի դիրիժորական վահանակի մոտ են կանգնել ճանաչված անուններ Պիեր Բուլեզը, Ջորջ Պրետրեն, Դավիդ Շալոմը, Ժան-Կլոդ Կասադեսուսը եւ այլ դիրիժորներ: Առաջին անգամ հայրենիքում գտնվող ջութակահարը հավաստիացնում է, թե հայ մշակույթին, մասնավորապես՝ երաժշտարվեստին, քաջածանոթ է, ավելին՝ հայկական երաժշտություն լսել է ծնված օրվանից. «Մորաքրոջս ամուսինը շուրջ 40 տարի Մարսելում ղեկավարում է «Սահակ Մեսրոպ» երգչախումբը, խմբավարն է նաեւ «Գարուն» մանկական երգչախմբի»:

Արվեստագետը աշխատել է նաեւ Ֆրանսիայի Orchestre Philarmonique de Metz-ում, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկում, հանդես է եկել տարբեր լարային քառյակների կազմում՝ համագործակցելով Անտուան Տամեստիտի, Թիլ Ֆելների եւ մեծանուն այլ երաժիշտների հետ: Զրույցի ընթացքում չմոռացավ նշել, որ կատարելագործվել է Ժան Տեր-Մերկերյանի ղեկավարությամբ նույնպես: Եվ «հավաքական» նվագախմբերի փորձ ունի. 2015թ. ապրիլի 21-ին Փարիզի Theatre du Chatelet-ում Armenian World Orchestra-ի կազմում մասնակցել է պոլսահայ դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ կայացած ցեղասպանության հիշատակման համերգին:

Հարցին, թե հենց այսպե՞ս էր պատկերացնում հայրենիքը, Դելֆինը պատասխանեց. «Ավելի մեծ կկարծեի Երեւանը, Էջմիածինը… Չէի կարող մտածել, որ Թուրքիայի հետ հայրենիքիս սահմանը այսքան մոտ է…»: Իսկ թե ինչու մինչ այս չէր եղել նախնիների հողում, Դելֆինն ասաց. «Մի տեսակ անհարմար կզգայի գալ իբրեւ զբոսաշրջիկ: Հիմա որ այստեղ եմ՝ իմաստ ունեցավ գալս»:

1990-ականների սկզբից Լիբանանում, 1994-ից Արգենտինայի Սալտա քաղաքում հաստատված՝ ճանաչված դուդուկահար Սարո Դանիելյանին Համահայկական նվագախմբի ելույթի օրը տեսնելով իբրեւ հոբոյահար, հանդիսատեսներից, գուցե երաժիշտներից շատերը զարմանան: Երաժշտից պարզեցինք, որ նա Երեւանի կոնսերվատորիայում կրթություն ստացել է իբրեւ հոբոյահար, հետո՝ դուդուկահար: Շուրջ 25 տարի որպես մենակատար աշխատել է Հայհամերգի կոլեկտիվներում՝ Երգի-պարի անսամբլում, Ժողգործիքների նվագախմբում: Տարբեր տարիների հանդիսացել է Հայհամերգի կոմերիտմիության, կուսկազմակերպության քարտուղարն ու պրոֆմիության նախագահը, մինչ Հայաստանից մեկնելը համերգներով հանդես էր եկել ավելի քան 50 երկրում: «2002թ.-ից աշխատում եմ «Սալտա» սիմֆոնիկ նվագախմբում որպես հոբոյահար, բազմիցս հանդես եմ եկել նվագախմբի հետ իբրեւ մենակատար: Բրավոներից ու բիսերից հետո վերցնում եմ դուդուկս ու հնչեցնում հայկական մեղեդիներ, ի դեպ, նախօրոք ներկայացնելով հայկական դուդուկն ու ստեղծագործությունը»,- հավաստիացրեց Սարո Դանիելյանը:

2015թ.-ից Գերմանիայում ապրող ու ստեղծագործող Արսեն Տեր-Տաճատյանը (հարվածային գործիքներ) ցանկալի ու սպասված երաժիշտ էր Երեւանում, դասավանդում էր Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, աշխատում Ազգային օպերային թատրոնի նվագախմբում: Այդ տարիներին հրավերներով աշխատեց Գերմանիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, Աթենքի սիմֆոնիկ նվագախմբում ու պետական օպերային թատրոնում, դասավանդեց Աթենքի «Koridallos» երաժշտանոցում եւ այլն: «Կինս՝ Անահիտը, դստերս հետ դեռեւս 2013-ից է Գերմանիայում եւ աշխատում է Բիլեֆելդի օպերային թատրոնում որպես կոնցերտմայստեր: Դուստրս ընտրել է օպերային երգչուհու մասնագիտությունը, ես էլ միացա ընտանիքիս եւ աշխատում եմ այդ թատրոնում…»,- ասաց Արսենը: Ու կարծես «արդարացավ»՝ «մենք երեւանցի ենք, այնտեղ աշխատում ենք պայմանագրով»:

Թավջութակահար Պարույր Շահազիզյանը 2006թ. Ֆրանսիայի նրբագեղ արվեստների ակադեմիայի հրավերով մեկնել է Փարիզ՝ ներկայացնելու հայ միջնադարյան երաժշտությունը: «Հետո աշխատեցի Փարիզի Val de Saine, Camerata Val de Marne նվագախմբերում, ներկայումս էլ Philharmonic Cite de La Musique-ում, դասավանդում եմ Demos ասոցիացիայում: Մինչեւ 2012թ. «Pleiacles» տրիոյի եւ Benaim քառյակի կազմերում մշտապես հնչեցրել ենք հայ հեղինակների երկեր՝ Կոմիտասից մինչեւ Բաբաջանյան, Մանսուրյան…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Տասը տարվա բացակայությունից հետո Պարույրը երեւանցիների մասին ասաց. «Երեւանցին եղել ու մնացել է հպարտ, բայց դեմքերն են տխուր…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արսեն Տեր-Տաճատյանը, Սարո Դանիելյանը,
Դելֆին Տեր- Ավետիսյանն ու Պարույր Շահազիզյանը:

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930