Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լավ տիրապետես մասնագիտությանդ, 1000-ի միջից քեզ կնկատեն»

Ապրիլ 22,2017 13:30

Ապագա դիզայները հույս ունի լավ աշխատանք գտնել

«Լուսավոր արվեստանոց, լռություն, թուղթ եւ գույներ. սրանք են այն կարեւոր նախապայմանները, որոնք օգնում են գաղափարներդ հանձնել թղթին եւ դրանց իրականության թեւեր տալ»,- հավաստիացնում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սահակյանը։

Ապագա դիզայներն իր հիսունից ավելի կոմպոզիցիաները ստեղծել է հենց այդ պայմաններում։ Նրա համոզմամբ՝ իր գործում կարեւոր ազդակ են նաեւ ոգեւորիչ խոսքերը, որոնք ծնունդ են տալիս մի նոր ստեղծագործության։ Սուսաննան միաժամանակ չի բացառում նաեւ այն դեպքերը, երբ առանց տրամադրվածության ստեղծված գործերն ավելի հաջող են եղել եւ դասախոսների հավանությանն արժանացել. «Պատահում է, որ մի նոր բան ստեղծելու միտքը տալիս են ընկերներս, չնայած ամեն բան ստեղծելիս անպայման անհրաժեշտ է հիմնավոր ուսումնասիրել ոլորտն ու հստակ տիրապետել աշխատանքիդ բոլոր հմտություններին»։

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորելու տարիներին նրան արդեն հաջողվում է ինքնուրույն զբաղվել իր կերպարով եւ մինչեւ անգամ դառնալ ինքն իր քննադատը: «Ինձ համար արդեն գրեթե անհնարին է զբոսնել եւ քննադատական հայացքով չնայել՝ անցորդներն ինչպե՞ս են հագնված, դա անկախ ինձնից է ստացվում։ Ես պարզապես ինքս իմ մեջ փորձում եմ վերլուծել մարդկանց հագուկապը եւ հասկանալ՝ արդյո՞ք գույները ճիշտ են համադրել, թե՞ ոչ»,-խոստովանում է մեր զրուցակիցը:
Սուսաննան չի բացառում նաեւ այն հավանական ճգնաժամերը, որոնք, ըստ նրա, իր ստեղծագործական շրջանի անբաժան մասն են կազմում. «Ստեղծագործական ճգնաժամերն ինձ մոտ սովորաբար մեկ ամիս են տեւում, բայց կարեւորը ճիշտ ժամանակին սթափվելն ու առավել մեծ եռանդով ստեղծագործելն է»։

Դեռ քոլեջ ընդունվելիս Սուսաննան ինքն իրեն խոստացել է ուժերի առավելագույն չափով սովորել եւ մինչ օրս չի կասկածել իր մասնագիտական ընտրությանը։ Իր խոսքերով՝ դեռ մանկուց է սիրել հագուստի մոդելավորմամբ զբաղվել եւ առաջին փորձերն արել է քույրիկներին հագուստի եւ դրանց գույների ընտրությունների հարցում խորհուրդներ տալով. «Ակնառու է, որ այսօր մեր հասարակությունը փորձում է յուրացնել եվրոպական ոճը։ Եվ այդ առումով միակ խնդիրը գույների ճիշտ համադրությանը հասնելն է, ինչպես, օրինակ, կարելի է կանաչը համադրել դեղինի հետ, կապույտը՝ սեւի եւ մոխրագույնի, շագանակագույնը՝ փիրուզագույնի»։

Նրա համար ստեղծագործական ժամը սկսվում է կեսգիշերից, երբ մարմին են առնում նաեւ ամենահետաքրքիր գաղափարները։ Դիզայները վստահ է՝ լավ աշխատանքը միշտ գնահատվում է, եւ գործազրկության մասին մտածելու առիթ արդեն չի մնում. «Եթե լավ տիրապետես մասնագիտությանդ, հազարի միջից քեզ կնկատեն ու լավ աշխատանք կառաջարկեն»: Սուսաննա Սահակյանը հույս ունի, որ քոլեջն ավարտելուց հետո իրեն կհաջողվի աշխատել մասնագիտությամբ ու դառնալ այդ հազարից մեկը։

 

ՇՈՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930