Ու մինչեւ քանի անգամ կարելի է ներել
Երբ որ ամուսնական զույգերից մեկը դավաճանում է, բնականաբար, նրա կողակցի մոտ առաջանում են այնպիսի ցավոտ զգացումներ, ինչպիսիք են տառապանքը, դեպրեսիան, հուզումը, մոլորումն ու ամուսնական հարաբերությունից դուրս գալու ցանկությունը: Բայց կան երեխաներ: Ինչպե՞ս վարվել: Նույնիսկ եթե երեխաներ չլինեին, ապա էլի ինչպե՞ս վարվել: Արդյոք հնարավո՞ր է ապաքինել վերքն ու վերանորոգել ընտանեկան սերը: Ճշմարիտ ընտանիքում ամուսիններն օգնում են իրար ազատվելու չար կրքերից, սիրում Աստծուն, միասին աղոթում, երեխաներին տքնաջան դաստիարակում ու բարի գործեր անում: Երբ որ ընտանեկան կյանքում սա ձեր ամենօրյա նպատակը չի, ապա սպասեք ամեն տեսակի հարձակման ու փորձության:
Ճանաչեք ձեր
ընտանիքի թշնամուն
Իմացեք, որ հենց որ երկու մարդիկ ամուսնանում են, չար սատանան ամեն տեսակի փորձություններով անդադար հարձակվում է այս մարդկանց ընտանիքի վրա: Ինչ ձեւերով: Օրինակ, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով սկսում են դավաճանության ու անհավատարմության մասին անեկդոտներ պատմել ու կատակներ անել: Դիտորդի մոտ սկսում են տեսարաններ առաջանալ, ֆանտազիան պայծառանալ ու երեւակայությունը զարգանալ: Այս ամենը մոտեցնում է սայթաքման պահը: Եվ սա պարզապես հարձակման մի օրինակ էր: Ու դուք, եթե չպաշտպանեք ձեր ընտանիքը, ձեր մտքերը, ու թե ինչ եք լսում ու ինչ եք դիտում, ապա չարին ներս եք թողնում ձեր ներսը ու նա իր կեղտով կաղտոտի ձեր ընտանեկան սրբությունը:
Կարդացեք նաև
Երբ դավաճանություն է եղել, ներե՞լ, թե՞ չներել
Տարբերակներից մեկը բաժանվելն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը արտոնում է պոռնկության պատճառով ամուսնության բաժանումը, բայց չի պարտադրում: Տերը թույլատրում է, բայց չի պահանջում (Մթ. 9:3-9):
Մյուս տարբերակը ընտանիքի ու ամուսնական հարաբերության վրա տքնաջան աշխատելն է: Ամուսնական դավաճանությունը տանելը ծանր խաչ է: Բայց ես գիտեմ բազում մարդկանց, ովքեր համբերությամբ տարել են այս տեսակ ստորությունը: Դա իրենց ավելի է խոնարհեցրել ու ավելի մոտեցրել Աստծուն ու պատվիրանապահությանը: Արդյունքում, տարիների հոգեւոր աշխատանքից հետո իրենց ամուսիններն էլ են փոխվել ու Աստծուն դարձել: Իսկ ներելու համար, Քրիստոսն ասում է՝ ամեն օր «70 անգամ 7» պետք է ներել: Մենք պետք է հիշենք, ինչպես որ մենք ենք ներում մարդկանց, այդպես էլ Աստված է ներում մեզ:
Այս վերքը բուժելու համար ընտանիքի վրա աշխատելը նաեւ նշանակում է հաշվի առնել բոլոր հանգամանքները: Հասկանալ, թե ինչն է այդ անձին տարել հասցրել ամուսնական դավաճանության: Ինչո՞ւ է նա անհավատարիմ դարձել: Քննել այդ բաները եւ եթե դու իսկապես սիրում ես, ապա աշխատել այս բաների վերացման վրա: Սա նույնպես ցավոտ է ու դժվար գործ: Նաեւ պետք է հաշվի առնել չդավաճանող կողմի մեղքը: Արդյոք նա հասկացե՞լ է, որ իրենց ընտանիքը գտնվում է մշտական հարձակումների ներքո: Արդյոք նա ամեն օր իր ամուսնու եւ ընտանիքի համար աղոթե՞լ է: Արդյոք նա թախանձագին խնդրե՞լ է Աստծուց: Արդյոք նա մեղքեր գործե՞լ է, որ իր կողակցին ավելի է հեռացրել իրենից: Օրինակ, ասենք՝ լաչառություն, անվճռականություն, հաստակողություն, ինքնահավանություն, եսասիրություն, ավելի շատ բաներ ունենալու ցանկություն, պահանջկոտություն կամ պարզապես անտարբերություն: Այս բաները չեն արդարացնում կողակցի դավաճանությունը, բայց այս բաները պետք է գիտակցել ու սխալի համար զղջալ, փոխվել, որպեսզի վերանորոգվի ու ապաքինվի վերքը:
Եթե դուք հիմա գտնվում եք այսպիսի իրավիճակում, ապա այս ցավն ապաքինելը ու հարաբերությունը վերանորոգելը միգուցե ծանր աշխատանք թվան: Ցավից խուսափելը շատ զորավոր խթան է, բայց հաճախ սխալ ուղղությամբ: Դուք հիմա երեւի մտածում եք, որ դավաճանության ցավից դուրս գալու լավագույն տարբերակը բաժանվելն է, բայց խնդրում եմ ավելի մի քանդեք ձեր ընտանիքը՝ անդառնալի որոշում ընդունելով: Այլ պահպանեք այն ու ապաքինեք վերքերը:
Քրիստոսով ամեն հիվանդություն բուժվում է: Եթե հավատում եք, որ նա հարություն առնելով նույնիսկ մահվանը հաղթեց, ապա մարդկային այսպիսի ցավերը բուժելն ի՞նչ է նրա համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/ armen.hareyan՞
«Առավոտ»
21,04.2017