Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի քանի պատգամավորներ իրենց ամենավերջին աշխատավարձից բաժին կհանեն գյումրեցի անօթևաններին. (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 22:30

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը։  Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ու «Ծիրանափող մշակութային երիտասարդական» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ողջ հասույթը նվիրաբերվեց «Գյումրին առանց տնակների հիմնադրամին»։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանն ասաց․ «Այս համերգի արդյունքում Գյումրիում ևս մեկ ընտանիք դուրս կգա արդեն 30-ամյա մաշված, չարքաշ տնակից, որը ոչ միայն ֆիզիկական ըմբռնում է մարդկանց կյանքում, այլ հոգեբանական ․ մնալ տնակում, որտեղ ամեն առավոտ -10 աստիճան  նվազագույնը ցուրտ է, մնալ տնակում, որտեղ քամիները իրենց մշտական բնակարանն են համարում, մնալ տնակում, որտեղ կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ ունես սերտ հարաբերություններ, արդեն բավ է։ Կարծում եմ՝ ամեն հայի համար  այս ցավը պետք է լինի  սեփական ցավ, սեփական խնդիր, այլ ոչ  միայն գյումրեցիների ցավ ու պետք է համատեղ ջանքերով լուծում ստանա»։

Մեր հարցին՝ Հայաստանում բազմաթիվ օլիգարխներ կան, երբևէ արձագանքած կա՞ն ձեր նախաձեռնությանը, Կարեն Պետրոսյանն ասաց․«Մենք հանդես ենք եկել շատ կարևոր ձեռնարկով, գիտենք, որ Ազգային ժողովում բավականին ֆինանսական մեծ կարողություն ունեցող մարդիկ կան, և Ազգային ժողովի վերջին նստաշրջանն է, Ազգային ժողովն ամփոփում է իր գործունեությունը, և «Գյումրին առանց տնակների հիմնադրամը» դիմել է ԱԺ պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց վերջին աշխատավարձից խորհրդանշական նվիրաբերում անեն։ Արդեն մի քանի պատգամավորներ արձագանքել են այդ առաջարկին կոնկրետ որոշակի գումարի չափով և հույս ունենք այլ պատգամավորներ ևս իրենց աշխատավարձից իրենց խորհրդանշական ներդրումը կունենան «Գյումրին առանց տնակների հիմնադրամին»։

Հարցին՝ ուսումնասիրե՞լ եք, քանի՞ տնակ կա Գյումրիում, Կարեն Պետրոսյանն ասաց, որ սկսել են մոնիթորինգ անցկացնել ճշգրիտ պատկեր ունենալու համար, քանի որ միշտ շահարկվել են տարբեր թվեր, որոնք նեղ անձնական շահերից սկսած մինչև քաղաքական խնդիրներ են լուծել։

Կարեն Պետրոսյանն ասաց, որ երկրաշարժի 30-րդ տարելիցին բոլորն իրենց ջանքերը պիտի ներդնեն, որպեսզի Համահայկական հիմնադրամը իր ողջ հասույթը նվիրաբերի Գյումրին տնակներից  ազատմանը։

«Արցախը շատ կարևոր է հայ ազգի համար, բայց Արցախի սահմանագիծը պահող զինվորի առօրյան սկսվում է -10 աստիճան ջերմություն ունեցող տնակից։ Եթե թիկունքն ամուր չէ, սահմանն ամուր լինել չի կարող», -ասաց Կարեն Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930