Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Երեւանում տասնյակ ավտոբուսներ երթուղի դուրս չեն գալիս, որպեսզի «Գազելների» գծատերերի շահույթը չպակասի». (Ֆոտոշարք)

Ապրիլ 21,2017 22:03

«Ելք» դաշինքն այսօր Երեւանի ավագանու ընտրությունում քարոզարշավը սկսեց մայրաքաղաքի փողոցներով ընթացող երթով:

Դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն սկզբում տրամադրված չէր շփվել լրատվամիջոցների հետ՝ ասելով, որ երթի ավարտին հանրահավաք է լինելու եւ այդ ժամանակ կխոսի: Սակայն, այնուամենայնիվ, տեղի տվեց:

Առաջին հարցը վերաբերում էր քաղաքապետարանի ուռճացված տրանսպորտային պարկին: «Ծառայողական մեքենաների առնվազն 70 տոկոս կրճատում կլինի: Այսօր Երեւանի քաղաքապետարանը տարեկան $ 1 մլն է ծախսում ծառայողական ավտոմեքենաների վրա, որը շատ մեծ ճոխություն է: Այսօր քաղաքապետարանի համարանիշով ավտոմեքենաներով ինչ-որ երիտասարդներ փողոցներում «ճռիկներ» են անում: Ինչի՞ համար են այդ մեքենաները: Երեւանում հասարակական տրանսպորտ չկա՞, ո՞վ է դրանից օգտվելու, եթե ոչ քաղաքապետարանի պաշտոնյաները: ԱԺ-ում ել եմ ասել՝ աբսուրդ է, երբ քաղաքապետարանը տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա է տալիս ու ասում, արի աշխատանքի եւ գնա տուն: Մինչդեռ, այդ մարդու գործը Երեւանի բնակիչների՝ տուն եւ աշխատանքի գնալու հարմարավետությունն ապահովելն է: Ինքը պետք է երթեւեկի երեւանցիներին իր ապահոված տրանսպորտով», – ասաց նա:

Խոսելով կոռուպցիայի մասին՝ քաղաքապետի թեկնածուն վիճակագրական մի տեղեկություն հրապարակեց. «Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի համակարգում այսօր 230 ավտոբուս կա, որոնց 90 տոկոսը սարքին վիճակում է, բայց երթուղի դուրս չեն գալիս: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե երթուղի դուրս գան «Գազելների» գծատերերի շահույթը կպակասի: Կարող եք ասել՝ վարորդ չունեն: Դե թող ծառայողական ավտոմեքենաների վարորդներին կրճատեն, մի քիչ էլ աշխատավարձն ավելացնեն եւ ուղարկեն, ոչ թե տրանսպորտի վարչության պետին տուն եւ աշխատանքի տանել, այլ երեւանցիներին», – ասաց Փաշինյանը:

Հարցին՝ ասում են, թե ՀՀԿ-ի հաղթանակն արդեն ապահովված է եւ դուք հաղթանակի համար չեք մրցապայքարի մեջ մտել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ո՞վ է ասել, թե Հանրապետականի հաղթանակն արդեն ապահովված է: Ինձ թվում է, այդպես ասողին մենք պետք է որպես վկա կամ մեղադրյալ ներգրավենք ընտրակեղծիքների գործում»:

Հաղթելու դեպքում ՀՀԿ-ն կներգրավվի՞ նոր քաղաքապետարանի ծավալելիք գործունեություն, Փաշինյանը պատասխանեց. «Հանրապետականը կլինի ընդդիմություն եւ որպես ընդդիմություն իր գործունեությամբ, կարծում եմ, կնպաստի, որպեսզի մենք առավել արդյունավետ իշխանություն լինենք»:

Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց նաեւ այն չորս խնդիրները, որոնք մտահոգում են երեւանցիներին եւ անհրաժեշտ է առաջնահերթ լուծել Երեւանում՝ տրանսպորտ, բազմաբնակարան շենքերի կառավարում, մանկապարտեզներ, կանաչապատում եւ սանիտարական վիճակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930