Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից: Էրեբունիի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Երևանի ներկայիս քաղաքապետ և Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ասաց, որ 4 տարի առաջ իրենք հավակնոտ ծրագրերով են սկսել, և այսօր կարելի է արձանագրել, որ ունենք ավելի լավ Երևան:
Կարդացեք նաև
«Լուսավոր բակերը, լուսավոր փողոցները, կանաչ տարածքները, այգիները, մեր հանգստի գոտիները, այն խնդիրները, որոնք այն ժամանակ մեր քաղաքացիների համար բարձրացված էին, մենք կարող ենք ասել, որ մեր թիմը կարողացավ դա իրականացնել: Բայց դրանով խնդիրները չեն վերջացել. Երևան քաղաքը ունի բազում խնդիրներ, և մենք հստակ գիտենք այդ խնդիրները, լսել ենք ձեզնից»,- ասաց նա:
Բնակիչների հետ հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը ասաց, որ անկախությունից ի վեր Երևանում առկա է հանրային տրանսպորտի խնդիրը, և ըստ նրա, գործող թիմը ավելի լավ է ծանոթ խնդրին և կարող է լուծել այն. «Մենք միջազգային փորձը, մեր քույր քաղաքների փորձը ուսումնասիրելով արդեն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ես համոզված եմ՝ երբ Երևանցիները վստահեն մեզ, մենք շատ կարճ ժամանակահատվածում կտեսնենք տրանսպորտի խնդրի լուծումներ, և մենք արդեն ունենք խորհրդատուներ: Երեկ եղավ աշխատանքային հանդիպում և հնարավորություն տրվեց ներկայացնել բոլոր առաջարկները: Եվ խորհրդատուն այդ ամենը ամփոփելուց հետո՝ հունիսի սկզբին կներկայացնի քաղաքապետարան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ