Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի համար հուլիսյան դեպքերի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը բավականին մեղմ էր:
«Բավականին մեղմ է արտահայտվել՝ մանավանդ ոստիկանների կատարած բռնությունների առումով: Ձեւական, թույլ զեկույց է, ուզում են ցույց տալ, թե իրենք իրենց գործառույթներն իրականացնում են, պետք էր մի թռուցիկ նյութ տարածել, տեսեք՝ մենք դեռ աշխատում ենք, բայց անիմաստ է իրենց գործունեությունը: Այդ օրերին, բացի այն, որ ոստիկանները բռնություն էին կատարում, սադրանքները ծայրահեղ աստիճանի էին հասնում, դրա մասին նույնպես պետք է նշվեր զեկույցում:
Մարդու իրավունքների պաշտպանները թե՛ հիմա, թե՛ դրանից առաջ միշտ էլ ավելի կոշտ ելույթներ չեն ունեցել, չեն պաշտպանել քաղաքացիներին: Ընդամենը զուտ եկել են քաղմասեր՝ իբր դիմում են ներկայացրել, մեզ բաց են թողել: Իբր դրանով են օգուտ տվել, բայց այդ ամենը կատարվել է մեզ ծեծելուց, քաղմասում տանջելուց հետո: Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես հնդկական կինոներում, միշտ ամենավերջինն է գալիս»,- Aravot.am-ին ՄԻՊ-ի զեկույցի վերաբերյալ ասաց Վաղինակ Շուշանյանը՝ պնդելով, որ հուլիսյան դեպքերին ոստիկանական գործողություններին ՄԻՊ-ը պետք է ավելի կոշտ գնահատական տար:
Ակտիվիստի համոզմամբ, ՄԻՊ-ը մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու հայցերով պետք է դատարան դիմած լիներ:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը զեկույցում նշել է, որ հուլիսյան դեպքերի ժամանակ կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները, ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրումը եղել է անհամաչափ, սրանից ավելի ի՞նչ կոշտ գնահատական էիք ակնկալում, ի պատասխան՝ Վաղինակ Շուշանյանն ասաց. «Ավելի կոշտը պետք է լինեին մարդու իրավունքների պաշտպանի գործողությունները, որոնք իրեն լիազորված են, այսինքն, բացի այն, որ մարդկանց ապօրինաբար բերման էին ենթարկում տնից, աշխատանքի վայրից, դրսից եւ տանում ու փակում էին ՕՄՕՆ-ի տարածքում մեծ դահլիճի մեջ ու տասնյակ ոստիկաններ սկսում էին հարվածել, չգիտեմ՝ ինչ ասեմ մարդու իրավունքների պաշտպանի մասին, մեկը լինի նրան պաշտպանի: Իր լիազորություններն ու գործողությունները Հայաստանի տարածքում անպետք բան են, կարող են այդ կառույցը հանգիստ վերացնել»:
Վաղինակ Շուշանյանի նկատմամբ բռնությունների մասին նշված է նաեւ ՄԻՊ-ի զեկույցում, ինչը, ըստ ակտիվիստի, շատ հպանցիկ է արված. «Ես առհասարակ կապ չեմ ունեցել, նույնիսկ տեղյակ չեմ եղել՝ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի տղաները ՊՊԾ գունդ են գրավել: Ես իմ նախատեսած ժամին՝ սովորականի պես արթնացել եմ, գնացել եմ աշխատանքի, սուրճ խմելու ժամանակ ինձ ու ընկերոջս բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, մտցրել են ոստիկանական ֆուրգոնը, տարել են ՕՄՕՆ-ի զորամաս, հենց դռնից ներս եմ մտել, միջանցքում մի քանի ոստիկան քաշել, գցել են գետնին՝ առանց ինչ-որ բան ասելու, սկսել են հարվածել, նրանցից մեկն էլ խփելու ընթացքում շեշտում էր՝ էդ որ անցած տարի մեր հրամանատարին բան էիր ասում, մտածում էիր՝ մարսելո՞ւ ես: Խուզարկություն չեն արել, հիմնավորումներ չեն ներկայացրել: Ես այնտեղ տեսել եմ լիքը մարդկանց ՝ Վարդգես Գասպարուն, Մնաց Ալեքսանյանին, Անի Նավասարդյանին, Հովհաննես Ղազարյանին, որին նույնիսկ այնպես էին հարվածել, որ ակնոցը ջարդվել էր, լավ է՝ ապակին աչքը չէր վնասել: Վարդգես Գասպարիի դեմքին լիքը կապտուկներ կային, գետնին պառկած էր, իմ ուսը, շրթունքը, աչքն էր վնասված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ