«Սասնա ծռեր» խմբի համակիր դերասանուհի Թամար Հովհաննիսյանը մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը հուլիսյան դեպքերի վերաբերյալ համարում է իշխանության կողմից իրականացված հանձնարարություն:
«Զեկույցում մի տող կա՝ այդ օրերին ակնհայտ ատելության ու բռնության քարոզչություն էր տեղի ունենում, ամենայն հավանականությամբ, նկատի ունի հանրահավաքի մասնակիցներին, հարթակի վրա եղողներին, ելույթ ունեցողներին: Ես՝ ինքս, հուլիսի 26-ին ամենամարդաշատ հանրահավաքի օրը, ելույթ եմ ունեցել ու անդրադարձել այն խնդրին, որ հաց, բժշկական օգնություն չէր հասցվում ապստամբներին, մինչդեռ պաշտպանի պարտավորությունն էր ապահովել նրանց սննդով ու բժշկական օգնությամբ:
Մարդը չի գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի բուն անելիքները: Հանձնարարություն է կատարում, մարդու իրավունքների պաշտպան լինելը լրիվ հակառակ իմաստով է հասկանում: Նա էլ, ինչպես մյուս արդարադատության օղակները, պաշտպանում են իշխանությանը, վարչակազմին, մինչդեռ նա կոչված է պաշտպանել քաղաքացիներին»,- ՄԻՊ-ի զեկույցի մասին կարծիք հայտնեց դերասանուհին:
Նրա համոզմամբ, ակնհայտ է, որ Արման Թաթոյանը հանձնարարություն է կատարում նման մեղմ զեկույցով, որովհետեւ. «Հուլիսյան դեպքերով կալանավորված մի շարք անձանց գործերով նախաքննությունը վերջացել է, հիմա ուզում են հող նախապատրաստել, որ դատավարության ժամանակ այդ մարդկանց վրա դրված հոդվածները փաստեն»:
Կարդացեք նաև
Դերասանուհին նաեւ կարծում է, որ ՄԻՊ-ը չի տալիս հուլիսյան դեպքերի կոշտ գնահատական՝ բացի մեղադրելով քաղաքացիներին, հավաքի մասնակիցներին ատելության քարոզչություն անելու մեջ, մինչդեռ, ըստ դերասանուհու, այդ ատելությունը գալիս էր ոստիկանների կողմից. «Անհամաչափ զենք էին գործադրում, մարդկանց խոշտանգում էին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ