Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Արցախի» համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները:
Կլաուս Լանխե Հազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մասնավորապես նշեց. «Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:
Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:
Կարդացեք նաև
Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:
Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:
Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը»:
ՀՀ սփյուռքի նախարարություն