Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը նախ պետք է հսկիչ գների ու մաքսայինում ստվերի հարցը լուծի, հետո մանր առեւտրականներին ստուգի

Ապրիլ 21,2017 19:07

Վերջին օրերին «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առեւտրի կենտրոններում հարկային ստուգումներ են կատարվում եւ առեւտրականներից փաստաթղթեր պահանջում: Սրանից վրդովված առեւտրականներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, եւ պահանջում դադարեցնել ստուգումներն ու փաստաթղթերի պահանջը:

«Սուրմալուի» առեւտրականներից Արմենը մեզ հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ-ի՝ փաստաղթղթավորման պահանջն իրատեսական չէ, քանի որ ինքը ձեռք բերված ապրանքի համար փաստաթուղթ չի ստացել:

Մեկ այլ առեւտրականի ներկայացմամբ էլ՝ ապրանքը ձեռք է բերել խոշոր ներմուծողից, որը փաստաթուղթ չի տվել, ուստի ՊԵԿ-ին հորդորեց գնալ խոշորների հետեւից:

«Փեթակի» առեւտրականներից՝ տիկին Սուսաննան էլ մեզ հետ զրույցում ասաց. «Թուրքիայից երկու ձեռք ապրանք եմ բերել, մաքսայինում մուծում արել, հիմա ի՞նչ փաստաթղթավորում են հիմա պահանջում: Տեղից էլ մարդկանց ձեռքը փող չկա, առեւտուր չկա, ի՞նչ են ուզում մեզանից: Հազարավոր մարդիկ էս առեւտրով հազիվ տուն են պահում, ի՞նչ ա, ուզում են սա էլ հարամեն, էս բուտկեքն էլ փակենք գնանք: Թողեք հանգիստ ապրենք»:

Առեւտրականների դժգոհության առնչությամբ ՊԵԿ-ն այսօր պարզաբանել է, ըստ որի «Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը»:

Aravot.am-ի հետ զրույցում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ, Կասեցում քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն ասաց, որ որոշ ժամանակ առաջ ՊԵԿ-ում հանդիպմանը ժամանակ տեղեկացրել էին այս ստուգումների մասին, ասել էին՝ 10 օր լինելու են շրջայցեր, ոչ ոք չի տուգանվելու, ուղղակի նախազգուշացնելու են, որ պետք է օրինական դաշտում բոլորն աշխատեն, մաքսիմալ փաստաթղթավորում ապահովեն. «Մեզ էլ հրավիրեցին շրջայցերին, մեր ասոցիացիան մերժեց՝ ՊԵԿ-ի նկատմամբ 25 տարվա խիստ թերահավատության բարձր մակարդակի պատճառով: Մեզ վստահեցրին, որ խոշոր բիզնեսի հետ 5 ամիս աշխատել են, ամբողջությամբ հարցերը լուծված են, նրանք օրինական են աշխատելու, եւ հիմա հերթը մանրինն է, հորդորելու են նրանք էլ օրինական աշխատեն՝ մանրի անվան տակ թաքնվածները»:

Պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ գործարար է եւ իր խանութներ էլ են հարկային տեսուչներն այցելել. «Հարցադրումն այսպիսին էր՝ դուք ունե՞ք փաստաթուղթ, ասացի՝ ոչ: Ինչո՞ւ: Ասացի՝ որովհետեւ մաքսային դարպասներից սկսած դուք ունեք մաքսային ոչ պատշաճ ձեւակերպումների խնդիր, հսկիչ գների խնդիր, դուք ունեք խնդիր սեւով ներկվող ապրանքների պատճառով, ես ունեմ խոշորի հետ մրցակցելու խնդիր, չեմ կարողանում, քանի որ նրա համար մաքսազերծման պայմաններն այլ են, մանրինն՝ այլ, մանրի համար հսկիչ գներ են կիրառում ու մանրը չի կարողանում մաքսազերծել իր ապրանքը ինվոսային գնով:

Ասենք՝ մանրը դրսում ապրանքը ձեռք է բերում 1 դոլարով, այստեղ մաքսայինում հսկիչ գնով են հաշվում՝ 20 դոլար եւ հնգակի անգամ թանկ պետք է վաճառի, ինչի հետեւանքով չի կարող մրցակցել: Մեզ հարցրեցին՝ դուք փաստաթուղթ տրամադրո՞ւմ եք, ասացի՝ այո, եթե մեզանից գնում կատարվի 300 հազար դրամից ավելի, ոչ թե ՀԴՄ-ով, այլ հաշիվ-ապրանքագրով կանենք: Բայց, երկրի վիճակն արդեն 3 տարի է այնպիսին է, որ 300 հազար դրամի միանգամից մի գնում չի կատարվում»:

Ինչ վերաբերում է առեւտրականների այն դժգոհությանը, որ ապրանք ձեռք բերելիս իրենց փաստաթուղթ չեն տալիս, մինչդեռ ՊԵԿ-ը հենց դա է պահանջում, պարոն Գրիգորյանն ասաց. «Ներկայումս օրենքով նման պահանջ չկա՝ միայն փաստաթղթավորման, բայց եթե դառնա, անպայման, փաստաթղթավորված ու մինչեւ այդ խոշորի հարցը լուծված չլինի, այսինքն՝ խոշորը 100%-ով չապահովի մանրի փաստաթղթերը, խնդիրը չի լուծվի: Ու կփակվեն առեւտրի կետերը, մարդիկ դուրս կգան փողոց: Հարկայինը համարում է, որ խոշորի հարցը լուծել է, 10 օր էլ շրջայց է անում, որ տեսնի ինչ վիճակ է, ու դրանից հետո գան եզրահանգումների»:

Նշենք, որ այս երեք առեւտրի կետերում վաճառվող ապրանքները հիմնականում Թուրքիայից կամ Չինաստանից են ներմուծված: Քանի որ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, այս երկրից ցանկացած հաշիվ-ապրանքագիրը մաքսայինում լուրջ հիմնավորում չէ, ուստի հսկիչ գնով են հաշվարկում ապրանքը: Իսկ սա ձեռնտու չէ ներմուծողներին, քանի որ շուկայում ապրանքի գինը շատ է բարձրանում, ու առեւտրականները ստիպված «մղվում են» ոչ մաքուր դաշտ: Այս դեպքում կա նաեւ մեկ այլ անձ, որը խոշոր ներմուծող է, եւ ինքն է ապրանքը բերում ու վաճառում մանրներին, հենց սրանից էլ հարկայինը պետք է փաստաթուղթ պահանջի: Հսկիչ գնով է մաքսազերծում կատարվում նաեւ Չինաստանից ներմուծման դեպքում, որը նույն խնդիրն է առաջացնում:

Ըստ Գրիգորյանի, շուկայում նույն ապրանքը զգալի էժան գնով վաճառողը կամ ներմուծողը պատահական անձ չէ, նա ոչ հսկիչ գնով է մաքսազերծել, ուստի մինչ նշված հարցերը ՊԵԿ-ը չլուծի, խնդիրը չի կարգավորվելու եւ բողոքի ցույցերը շարունակվելու են.«Եթե ՊԵԿ-ը պահանջի պարտադիր փաստաթղթավորում, մենք կպատասխանենք՝ գնա խոշորին ստիպի, որ մանրին փաստաթուղթ տա, խոշորի հետ հարցերդ լուծիր: ՊԵԿ-ից ավելի լավ ոչ ոք չգիտի՝ որ խոշորը ամ կամ խանութն ինչքան առեւտուր է անում, եւ որ խոշորն է մանրի անվան տակ թաքնվել, ուրեմն թող գնա դրանց հետ հարցերը լուծի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930