Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Առաքելյանն ընդունեց մեղքը, զղջաց, բայց փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը

Ապրիլ 21,2017 17:37

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Խորենացիի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանն այսօր դատարանի որոշմամբ, դատապարտվեց երեք տարի ազատազրկման:

Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր դատարանում ներկայացրեց պաշտպանական ճառը՝պնդելով, որ իր պաշտպանյալի գործողություններում բացակայում է զանգվածային անկարգությունների հանցակազմի հատկանիշներ: Ըստ նրա, տուժող անձիքն էլ են հերքել իր պաշտպանյալի՝ զանգվածային անկարգության մասնակցելը:

Փաստաբանը նշեց, որ տուժողներն իրենց ցուցմունքներում վկայել են, որ Արմանի ձեռքին որեւէ արգելված իր, ձողեր, փայտ չի եղել. «Նախաքննական մարմինը չի ապացուցել, որ զինված դիմադրություն է եղել, այո՛, եղել է պայթյուն, հրկիզում ոստիկանների կողմից, որոնք կիրառեցին հատուկ միջոց, որի հետեւանքով մարդիկ ստացան այրվածքներ ու մարմնական տարբեր վնասվածքներ:

Իմ պաշտպանյալին վերագրվում է արարք, որն իր կողմից չի կատարվել»:

Արա Ղարագյոզյանն ասաց, որ թեեւ դատախազը մեղադրական ճառում նշեց, որ տուժողներին մարմնական վնասվածքներ են հասցվել, բայց չհիմնավորեց՝ ում կողմից են հասցվել:

Փաստաբանը նաեւ արձանագրեց, որ այս գործով միակ վկային, ում ցուցմունքը մեղադրանքի հիմքում է դրված, ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության ժամանակ իրենք հարցեր տալու հնարավորություն չունեցան, դատարանը չապահովեց վկայի ներկայությունը:

«Բացի այդ, նույն անձի ցուցմունքի երկրորդ դրվագով կար նաեւ անթույլատրելի ապացույց, քննիչի սենյակում անձը դարձել է վկա ու տեսանյութի վերաբերյալ ցուցմունք տվել, մեր քրեական դատավարությունում նման ընթացակարգ չկա տեսանյութի վերաբերյալ ցուցմունք տալ»,- հավելեց փաստաբանը:

Ի դեպ, այդ մասով Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Քանի որ այդ անձին հարցեր տալու մեր իրավունքից չենք օգտվել, ՄԻԵԴ-ով եւ Վճռական դատարանով դա համարվում է անթույլատրելի ապացույց, այն անձը, որը քո դեմ ցուցմունք է տվել, դու հակընդդեմ հարց տալու իրավունք ունես, այլապես դա համարվում է անթույլատրելի ապացույց»:

Հիշեցնենք, որ գործով վկան այն կինն էր, ում բնակարանը վարձել էր Արման Առաքելյանը: Արա Ղարագյոզյանը դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին, բայց վերջինս իր վերջին խոսքում ընդունեց իր մեղքը, ասաց՝ զղջում է:

«Ինչու ընդունեց իր մեղքը, չեմ կարող ասել, ես՝ որպես փաստաբան, գնահատական եմ տալիս, որ չկա որեւէ ապացույց Արման Առաքելյանի դեմ: Ես պատրաստվում եմ բողոքարկել Վերաքննիչ դատարանում»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930