42-ամյա Լուսինեն Լամպերի գործարանին հարակից հանրակացարանում ապրում է իր 2 անչափահաս երեխաների հետ: Երեխաները ծնվել եւ մեծանում են հանրակացարանային անբավարար պայմաններում:
«Կռիսանոց է ստեղ. հնար չկա, սաղ գիշեր չենք քնում, օգտվում ենք հանրակացարանի ընդհանուր բաղնիքից, դույլով ջուր հավաքում եռացնում և մի կերպ լողանում»,- դժգոհում է Լուսինեն:
Սենյակը որտեղ ապրում են Լուսինեն և իր երկու երեխաները՝ խոնավության հետքը զգալի է, առաստաղին ու պատերին բորբոսներ են: Սենյակի մի մասը թեպետ քարապատ է, սակայն խոնավությունից չի պաշտպանվում:
«Ապրում ենք նպաստով, այն էլ դրանից էլ կտրեցին, իբր մի երկու անգամ տուն եմ մաքրել փող վաստակել»,- նշեց Լուսինեն:
Հավելեց՝ «Իհարկե թաղապետարանը սնունդով օգնում է ինձ: Տիկին Թերեզան, ով հրկիզումից հետո օգնեց ինձ, մինչ այսօր թե՛ դրամական, թե ՛ սնունդով ու հագուստով օգնում է»:
Լուսինեն մանկատան սան է և 16 տարեկանից բնակվում է հանրակացարանում: Երեխաների հայրը երբեմն գումար է փոխանցում: «Հատկացված գումարով էլ երեխաներիս կոշիկ և հագուստ եմ գնում»,-ասում է Լուսինեն:
Իսկ թե ի՞նչը դրդեց Լուսինեին գնալ ինքնահրկիզման և ինքնասպանության փորձ կատարելուն, դժվարությամբ, բայց պատասխանում է՝ «Մենակ եմ, դժվարությամբ եմ փող վաստակում, այս չեղած հալիս էլ տունս թալանեցին, օրենք էի պահանջում, չէին օգնում, օրինապահ մարմինները վերցնում էին իրենց կաշառքն ու ծաղրում ինձ: Երեխաներիս հանձնեցի ոստիկաններին և սպառնացի, որ կվառեմ ինձ, բենզինը լցրեցի վրաս ու վառեցի, զղջում եմ, բայց դե …»:
Ապրելով այս պայմաններում՝ չի նահանջում,ասում է, թե կանի անհնարինը և կհասցնի իր երեխաներին իրենց նպատակներին:
Նվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ