Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այլանդակել են Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի տեսքը․ հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 21,2017 16:50

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Գյումրի քաղաքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«ՀՀ վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը։ Հաշվի առնելով, որ հաշվետվությունը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 2-րդ, 5-րդ, 6-րդ շենքերում: Կառույցն օգտագործող տնտեսվարողներն ինքնակամ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, կոնստրուկտիվ համակարգը՝ խախտելով նաև հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները»,- նշված է հայտարարության մեջ։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ զրույցում պարզեցինք, որ ձևափոխել են Ռիժկովի ճեմափողոցի վրա գտնվող բոլոր պատմամշակութային շենքերը։

Նշենք, որ խոսքը Գյումրու ամենահին, գեղեցիկ ու բանուկ հատվածի մասին է, որը միշտ մարդաշատ է։ Այն կրում է ռուս պետական ու կուսակցական գործիչ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը․վերջինս 1988 թվականի երկրաշարժից հետո հսկայական աշխատանք է կատարել տուժած բնակչությանը անհետաձգելի օգնություն ցուցաբերելու գործում։ Ռիժկովի անվան ճեմափողոցում տեղադրված է նաև նրա հուշատախտակը՝ դիմաքանդակով։

Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ համապատասխան տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները ուսումնասիրվել են Շիրակի մարզի դատախազության կողմից և ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։ Ներկա պահին, տվյալ գործը, ըստ Շիրակի դատախազի, գտնվում է նախաքննության փուլում։

Մենք Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ ինքնակամ շինությունների մասին է խոսքը, Ռիժկովի ճեմափողոցում առկա մեծ թվով սրճարանների՞։ «Ըստ ակտի՝ արտաքին տեսքի կապակցությամբ խախտումներ են արձանագրվել ու խոսքը Ռիժկովի ճեմափողոցի վրա բոլոր շենքերի մասին է՝ սկսած այնտեղ կառուցված խանութներից»,-ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝visitgyumri.com կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930