Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում հուլիսի 8-9-ն կկայանա Էկոտուրիզմի փառատոն, որն արդեն 2-րդ անգամ է անցկացվելու:
Այսօր «Նոյյան տապան» ակումբում փառատոնի կազմակերպիչներից
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հռիփսիմե Աթոյանն ասաց, որ այս փառատոնի նպատակն է խթանել էկոզբոսաշրջության զարգացումը գյուղական համայնքներում, նաեւ հնարավորություն տալ գյուղացիներին իրենց բնակավայրերում գյուղմթերքի վաճառքից որոշակի եկամուտներ ստանալ:
Փառատոնի ընթացքում կլինի գյուղարտադրանքի ցուցահանդես, էկոերթուղիներով քայլարշավներ, թռչնադիտարկումներ, երեկոյան ժամերին աստղադիտումներ, համերգ խարույկի շուրջ, թեյախմության արարողություն, հուլիսի 9-ին էլ կազմակերպվելու է նաեւ «Գանձերի որոնում» խաղը: Այս խաղը, ինչպես ասաց Հռիփսիմե Աթոյանը, այս տարվա փառատոնի նորությունն է:
Աթոյանը վստահեցրեց, որ «Գանձերի որոնում» խաղին մասնակցող մինչեւ 35 տարեկան 50 մասնակիցների համար փառատոնի կազմակերպիչները կապահովեն անվճար տեղափոխում եւ գիշերակաց:
Ասուլիսի մասնակից եւ փառատոնի կազմակերպիչներից «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ Մանե Պապյանն էլ ասաց, որ քուեսթը նորություն է Հայաստանում եւ մեծ պահանջարկ ունի: Պապյանի ներկայացմամբ՝ նշված խաղը
թիմային է, թիմերը մեկ հուշումից մյուսն անցնելով, տրամաբանական եւ ինտելեկտուալ խնդիրների լուծմամբ պետք է հասնեն գանձերին:
Բանախոսները վստահեցրին՝ հաղթող թիմը պարգեւատրվելու է, իսկ թե ինչ է լինելու պարգեւը, ասացին՝ անակնակալ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ