Հայաստան-Իրան շահերը ռազմավարական առումով համընկնում են՝ շեշտում է իրանագետ Էմմա Բեգիջանյանը
Թուրք-իրանական հարաբերությունները մշտապես եղել են փոխադարձ անվստահության հարաբերություններ
Ապրիլի 16-ին Ծաղկաձորում անցկացվող՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» սեմինարի շրջանակներում, որը կազմակերպվել էր Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ու «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կողմից, իրանագետ, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Էմմա Բեգիջանյանը հանդես եկավ Իրան-Թուրքիա, Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցով, պատասխանեց ՀՀ քաղաքական ուժերի, հ/կ-ների երիտասարդ ներկայացուցիչների հարցերին:
Կարդացեք նաև
Տիկին Բեգիջանյանի համոզմամբ` թուրք-իրանական փոխհարաբերություններն ի սկզբանե եղել են թշնամական եւ փոխադարձ անվստահության հարաբերություններ դարեր շարունակ՝ մինչեւ 1925թ., երբ Իրանում իշխանության էր եկել Փեհլեւիների դինաստիան, որը հիմնադրել էր Ռզա շահը: Վերջինս որոշեց թուրք-իրանական հարաբերությունները հիմնովին փոփոխության ենթարկել, այդ ժամանակ արդեն հիմնադրվել էր Թուրքիայի Հանրապետությունը, որն արդեն ղեկավարում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ հիշեցրեց իրանագետը:
1926թ. թուրք-իրանական առաջին բարեկամական համաձայնագիրը կնքվեց, որը կոչվում էր բարեկամության եւ անվտանգության համաձայնագիր, որի շրջանակներում երկու երկրներում առաջին անգամ հաստատվեցին դիվանագիտական կապեր, իսկ 1929թ. արդեն սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքվեց: Պատմության ընթացքում թուրք-իրանական մեղրամիսների փուլեր թեեւ եղել են, բայց մշտապես երկու երկրների միջեւ պարբերաբար տարբեր խնդիրներ են ծագել, այդ հարաբերությունները չեն դարձել փոխադարձ բարեկամական՝ ասաց իրանագետը` պատմական մի շարք փաստեր ներկայացնելով:
Ինչպես էր Դեմիրելը լքել «Իսլամական համաժողով» կազմակերպության գագաթնաժողովը` ԼՂ խնդրի պատճառով
Խոսելով «Իսլամական համաժողով» կազմակերպության շրջանակներում թուրք-իրանական հարաբերությունների մասին` տիկին Բեգիջանյանը նախ արձանագրեց, որ դա մի ամբիոն է, որտեղ 5 տասնյակից ավելի պետություններ ընդամենն իրենց տեսակետներն են ներկայացնում, եւ եթե որեւէ որոշում պետք է ընդունվի, այն պետք է բոլոր պետությունների համաձայնությանն արժանանա, ինչը գործնականում երբեք տեղի չի ունենում:
«Կազմակերպության գոյության ողջ ընթացքում ընդամենը մեկ որոշում է ընդունվել միաձայն` Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի վերաբերյալ, այլ որոշումներ, եթե անգամ ընդունվել են, կյանքի չեն կոչվել: Թուրքիայի եւ Ադրբեջանի համար դա կարեւոր ամբիոն է, որպեսզի բոլոր գործընկեր պետություններին կարողանան տրամադրել ընդդեմ հայերի»,- նշեց իրանագետը:
Այնուհետեւ Էմմա Բեգիջանյանը պատմեց, որ մասնակցել է «Իսլամական համաժողով» կազմակերպության գագաթնաժողովին 1997թ. Թեհրանում` Լիսաբոնյան գագաթնաժողովից ամիսներ հետո: Հիշեցնենք, որ խոսքը 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին է, որտեղ ներկայացված բանաձեւում առաջարկեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, սակայն Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց, ինչի արդյունքում բանաձեւի ընդունումը տապալվեց:
«Դեմիրելն ու Ալիեւ ավագն ամեն ինչ անում էին, որպեսզի «Իսլամական համաժողով» կազմակերպության գագաթնաժողովում ընդդեմ Հայաստանի ԼՂ հարցով խիստ հակահայկական որոշում ընդունվեր, սակայն ի վերջո` կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ Լիսաբոնյան հայտարարության շեշտադրումներով գնահատականներ ընդունվեցին, ինչը վրդովեցրեց Թուրքիայի նախագահ Դեմիրելին, որը դեռ համաժողովը չավարտված` լքեց այն, հեռացավ: Սա տեղի ունեցավ, նախեւառաջ, Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի, Լիբանանի եւ այլ չեզոք երկրների աջակցությամբ: Իրանը կարողացավ այնպես անել, որ «Իսլամական համաժողով» կազմակերպությունը ԼՂ հարցում ավելի կոշտ հայտարարություն չընդունի, քան Լիսաբոնյան հայտարարությունն էր: Իմիջիայլոց, այդ համաժողովում առավել հայատյաց ելույթներով էին հանդես գալիս Պակիստանն ու Բանգլադեշը»,- նշեց Էմմա Բեգիջանյանը, որը ներկա էր եղել 1997թ. «Իսլամական համաժողով» կազմակերպության գագաթնաժողովին:
ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիան մեղադրում էր Իրանին Հայաստանին աջակցելու համար
Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանի դերն ու նշանակությունը թեեւ ավելի մեծացան, սակայն Իրանն ավելի խոցելի դարձավ՝ նկատեց Էմմա Բեգիջանյանը: «Իրան-Թուրքիա հարաբերությունները դարձան մրցակցային` ազդեցության ամրապնդման հարցում Միջին Ասիայում եւ Հարավային Կովկասում, բայց Իրանն ակնհայտորեն պարտվեց Թուրքիային Միջին Ասիայում ազդեցության ամրապնդման հարցում: Հարավային Կովկասում մրցակցությունն ավելի բուռն էր հատկապես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Թուրք-իրանական հարաբերությունները համարյա թշնամական էին դարձել: Թուրքիան շարունակ Իրանին մեղադրում էր Հայաստանին աջակցելու համար»,- նշեց իրանագետը:
Հիշեցնենք. 1992թ. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Իրանը հանդես եկավ միջնորդական առանձին առաքելությամբ, Թեհրանը ջանքեր էր գործադրում ԼՂ հարցում, փորձում էր հասնել նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնություն կնքվի, սակայն մայիսի 8-ին Շուշիի գրավումից հետո Իրանը դադարեցրեց իր միջնորդությունը:
Ղարաբաղյան պատերազմից, հրադադարի հաստատումից հետո թուրք-իրանական հարաբերությունները գնալով բարելավվեցին՝ նշեց Էմմա Բեգիջանյանը՝ հավելելով, սակայն, որ 1996թ. երբ կնքվեց թուրք-իսրայելական ռազմական, ռազմավարական համագործակցության պայմանագիրը, այն խիստ բացասական արձագանքի արժանացավ Իրանում եւ ողջ իսլամական, արաբական աշխարհում, այդպիսով` թուրք-իրանական հարաբերությունները շարունակաբար լարվածության տարբեր փուլեր էին անցնում:
«Վերջին շրջանում թուրք-իրանական լավագույն հարաբերությունները եղել են Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարման շրջանում, որեւէ ակնհայտ լարում չի եղել Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Թուրքիան թեեւ կողմ էր Իրանի միջուկային խաղաղ ծրագրին, սակայն ակնհայտ էր, որ Անկարայի համար ավելի շահավետ իրավիճակ էր, երբ Իրանը մեկուսացած էր, մինչդեռ իրավիճակը փոխվեց միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Թուրքիան արդեն ձգտում է Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո օգտվել իրավիճակից էներգետիկ ծրագրերի իրագործման` դեպի Եվրոպա գազամատակարարման ծրագրերի իրականացման հարցում: Մինչդեռ Իրանը միշտ զուսպ է, զգուշավոր, Թեհրանի համար ավելի անվտանգ ճանապարհն, իհարկե, Հայաստանն է»,- ասաց բանախոսը:
Հայաստան-Իրան շահերը ռազմավարական առումով համընկնում են, սակայն մի քանի ամիս առաջ Իրանի առաջնորդի` Հայաստան կատարած այցի ընթացքում ընդամենը 5 պայմանագրեր կնքվեցին, որոնք ենթակառուցվածքային բնույթ չէին կրում՝ նշեց Էմմա Բեգիջանյանը` հավելելով, որ մինչդեռ Ադրբեջանի հետ Իրանի ներկայիս իշխանություններն արդեն իսկ ստորագրել են 40 համաձայնագիր` էներգետիկ, ենթակառուցվածքային ոլորտների վերաբերյալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 20.04.2017