Ապրիլի 2-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները ամփոփ ներկայացվել է հանրությանը:
Օրվա իշխանությունը արդյունքներով ոգևորված հատ-հատ փորձում է ընտրվածներին և չընտրվածներին տեղավորել ըստ բերած ձայների…, իսկ ընդդիմադիր օթյակում խաղաղություն է և նաև բարիդրացիություն…:
Ապրիլի 2-ը դեռ երկար կհիշվի…, անցյալ տարվա դժբախտություններով և այս տարվա ընտրությունների արդյունքներով:
Համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորվում է պետության կարևորագույն ինստիտուտը՝ օրենսդիր իշխանությունը, որում ըստ նոր սահմանադրության կլինեն 105 պատգամավորներ: Ի դեպ, այդ 105-ից 55-ը բաժին է հասել իշխող կուսակցությանը, որը և առաջիկա տարիներին ըստ նպատակահարմարության կթելադրի իր քաղաքականությունը, որպեսզի աղքատության, գործազրկության, արտագաղթի չափաբաժինները և պետության արտաքին պարտքը լինեն կառավարելի…:
Կարդացեք նաև
Այս ամենին կարելի էր և համակերպվել, եթե ԱԺ-ի 105 պատգամավորները լինեին գոնե 105 գերդաստաններից:
Սակայն ստացվել է այնպես, որ օրվա իշխանությունը ստիպված մտորում է իր 55 պատգամավորական սուղ տեղերից 2-ը բաշխել ոչ թե մի գերդաստանի, այլ մի ընտանիքի…:
Բնականաբար հարց է ծագում, թե արդյո՞ք բարոյական է 55 տեղից 2-ը հատկացնել մի ընտանիքի, իսկ 30% աղքատ ազգաբնակչությունը չունենա մի պատգամավոր ԱԺ-ի ամբիոնից բարձրաձայնելու երկրում կուտակված հիմնահարցերը…:
Այսօր նույնիսկ աշխատանք ունեցող մարդը նվազագույն աշխատավարձով չի կարողանում իրեն կերակրել, կենսաթոշակառուն չի կարող գոյատևել այդ խղճուկ թոշակով, հաշմանդամները չունեն անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման հնարավորություն:
Եվ այս ամենի կողքին ընտանիքը հավակնում է 2 պատգամավորի մանդատ՝ 55 պատգամավորական մանդատից երկուսը տրվելու է մի ընտանիքի:
Հավանաբար նրանք տեսնում են, որ ստեղծված իրավիճակում մի մանդատով տուն չես պահի…:
Եվ մենք այսպես ընդունում ենք ընտանեկան պատգամավորների գալուստը…:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ