Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը գտնում է, որ լրագրողներին ՊՊԾ գնդի դեպքերում ուզել են պատժել, նվաստացնել եւ վիրավորել (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 12:57

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ:

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնություններին՝ օմբուդսմենն ասաց, որ լրագրողներն առանձնացվել են ցուցարարներից՝ որպես թիրախային խումբ. «Դա խտրականության հարց է առաջացնում: Դրանից բացի, լրագրողների բռնությունները սկսեցին արձանագրվել հուլիսի 19-ից սկսած՝ թե՛ Խորենացիում, թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Սարի թաղում: Հուլիսի 24-ին հատկապես անթույլատրելի էր այն, որ լրագրող բերման ենթարկվեց եւ ներգրավվեց՝ որպես վկա: Ընդ որում, պատճառաբանությունն այն է, որ լրագրողները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները խախտումներ անում: Լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք լուսաբանվել են նրա կողմից: Լրագրողը լիարժեք իրավունք ունի տեսանկարահանել, լուսանկարահանել հանրային վայրում գործառույթ կատարող ոստիկանին: Լրագրողը կատարում է հանրային բնույթի աշխատանք եւ հասարակության հսկող խմբի դերն է կատարում: Պետք է խիստ պատասխանատվության միջոցներ կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք արել են այդ բռնությունները, պետք է բացառել լրագրողի բերման ենթարկելը: Ես մշտապես լրագրողի կողքին եմ կանգնած լինելու այս հարցում»:

Օմբուդսմենն ասաց, որ անանուն հարցումները վկայում են՝ լրագրողների նկատմամբ բռնություններ են եղել քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ եւ ոստիկանների թողտվությամբ. «Ոստիկանները պետք է լրագրողներին զգուշացնեին հատուկ միջոցների գործադրման մասին: Լրագրողները հատուկ միջոցների գործադրման տեսանկյունից եղել են նաեւ թիրախ: Լրագրողների նկատմամբ բռնություններն ունեցել են նրանց պատժելու նպատակ: Հակառակ դեպքում զեկույցում հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս բացատրել, երբ լրագրողի նկատմամբ հետապնդումը շարունակվել է նաեւ այն դեպքում, երբ նա դադարեցրել է իր աշխատանքը՝ այդ մարդկանց բռնությունների պատճառով: Օրինակ, մի լրագրող անանուն հարցման մեջ վկայել է, որ մի քանի այլ լրագրողների հետ պատսպարվել են մոտակա հացի փռում, սակայն քաղաքացիական հագուստով անձինք կոտրել են դուռը, մտել ներս եւ ներսում բռնություն կիրառել պատսպարված լրագրողների նկատմամբ: Նման հետեւողականությունը կարելի է բացատրել միայն լրագրողին պատժելու, անձին նվաստացնելու, արժանապատվությունը վիրավորելու ցանկությամբ: Նման արարքները եւ անմարդկային են եւ արժանապատվությունը նվաստացնող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930