Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները». Օմբուդսմենի արտահերթ զեկույցը՝ ՊՊԾ գնդի դեպքերի մասին

Ապրիլ 21,2017 12:46

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ:

Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ի արագ արձագանքման թեժ գծի 116 հեռախոսահամարին 200-ից ավելի հաղորդում է եղել ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Հուլիսյան դեպքերի ժամանակ գրավոր բողոքների եւ ահազանգերի, նաեւ ոստիկանության բաժին այցերի ընթացքում օմբուդսմենին հասցեագրվել է 179 բողոք՝ կապված փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու հետ:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություններին՝ օմբուդսմենը արձանագրել է, որ բազմաթիվ խախտումներ են եղել, կոպտորեն խախտվել են Azatutyun.am, A1plus, Panorama.am, Lragir.am, ArmLur.am, Panarmenian.net, PAN-Photo, 1in.am, NewsPress.am, «Հայկական ժամանակ» լրատվամիջոցների, ինչպես նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության եւ LifeNews ռուսական ԶԼՄ-ի լրագրողների եւ օպերատորների իրավունքները:

Օմբուդսմենն ասաց, որ այդ օրերին ակնհայտ ատելության եւ բռնության քարոզչություն էր տեղի ունենում: Արման Թաթոյանն ասաց, որ ոստիկանների կողմից խախտումներ են արձանագրվել եւ մանրամասն զեկույցում կա, թե որ հատվածներում են եղել խախտումները: Նա ասաց, որ ոստիկանությունը իրականացրեց ապօրինի միջամտություն հավաքներին, հավաքները կանխելու նպատակ էին հետապնդում: Խախտումները ոստիկանությունը բացատրում էր հիմնականում այսպես, որ հատուկ միջոցառում է իրականացնում, գործողություն է իրականացնում. «Որեւէ մարմին մեզ չի կարողացել հիմնավորել, որ հավաքների կազմակերպիչները այլ նպատակ ունեին, քան խաղաղ բնույթի հավաքներ անել: Նաեւ քաղաքապետարանը չէր արգելել հավաքներ անել»:

Զեկույցում անդրադարձ կա, թե ինչու էին այդ օրերին մարդկանց բերման ենթարկում ոստիկանության զորամաս, նաեւ գնահատականներ կան ոստիկանների՝ դեղահաբեր օգտագործելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, Արման Թաթոյանն ասաց, որ հուլիսի 29-ին էր գագաթնակետը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, անհամաչափ միջոցներ. «Թեեւ սկզբունքորեն ոստիկանությունն ունի իրավունք հատուկ միջոցներ գործադրել, բայց դրանք անհամաչափ գործադրվեցին»:

Օմբուդսմենն ասաց, որ հատուկ միջոցների գործադրման արդյունքում վնասներ եղան թե՛ Սարի թաղի բնակիչների, թե՛ լրագրողների: Նա ասաց, որ գիշերով եղել էր Սարի թաղի այն տանը, որը հրդեհվել էր՝ հատուկ միջոցների կիրառումից. «Այնտեղ կային երեխաներ եւ անթույլատրելի էր այն մթնոլորտը, որը կար այնտեղ»:

Օմբուդսմենը նշեց, որ Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի, Անդրանիկ Ասլանյանի նկատմամբ նաեւ բռնություն էր կիրառվել:

Ընդհանուր առմամբ, օմբուդսմենի գնահատականով՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930