Հատուկ քննչական ծառայությունը «ՍԱՍ» գրուպի հայտնի ժողովի ձայնագրության առիթով քրեական գործ է հարուցել։ Ի տարբերություն փաստաբանների հայտարարությունների՝ թե ձայնագրությունը հիմք է տալիս միաժամանակ մի քանի տարբեր հոդվածներով գործ հարուցել, ՀՔԾ-ն բավարարվել է մեկով՝ գործ հարուցելով Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով միայն։ Հոդվածը հետեւյալն է սահմանում. թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Ամենատարօրինակն իհարկե այն է, որ քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի ապրիլի 13-ի համարում տեղ գտած «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» հրապարակման հիման վրա։ Մինչդեռ ձայնագրությունը հրապարակել է «Hayastan24.com» կայքը, եւ ըստ էության թերթի լրագրողն ընդամենը վերծանել է 40 րոպեանոց ձայնագրության «հիշարժան» հատվածները։
Չենք բացառում, որ ՀՔԾ քննիչներն առանձնապես ժամանակ չեն ունեցել լսելու ձայնագրությունը, եւ օգտվել են պատրաստի վերծանած տեքստից, որտեղից, տեխնիկական սահմանափակումների պատճառով, դուրս է մնացել ահագին բան։ Հորդորում ենք քննիչներին, այնուամենայնիվ, լսել ձայնագրությունն ու գործը հարուցել «Hayastan24.com» կայքում տեղ գտած ձայնագրության փաստի հիման վրա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում