Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում». «Իրատես»

Ապրիլ 21,2017 12:25

«Իրատեսը» զրուցել է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ։

– Եթե ճնշումներ չլինեն, ընտրակաշառք չբաժանվի, վարչական ռեսուրսը չկիրառվի, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ընտրվելու, այն էլ՝ բարձր տոկոսով։

– Ընտրվելու է, ու դա ունի իր բացատրությունը։ Նախ, ամեն ինչ պետք է գնահատել համեմատության մեջ։ Հանրությունն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ է իշխանություններից։ Ասեք, ո՞րն է այն քաղաքական ուժը, որին հանրությունը կարող է վստահել։ Երբ այս հարցը տալիս ես, բոլորը լռում են։ Մենք քարոզարշավի ժամանակ ժողովրդին առաջարկում էինք. «Մատնանշեք մեկին, որ մեզնից լավ կարող է ապահովել երկրի անվտանգությունը»։ Իսկ անվտանգության քարոզչության բաղադրիչը կրում էր հանրապետության նախագահը։ Թեկնածուներից ո՞վ կարող էր ապահովել մեր անվտանգությունը նրանից լավ։ Բոլորն էլ հասկանում էին, որ հանրապետության նախագահն է ամենափորձառուն, ունի բոլոր անհրաժեշտ կապերը, գիտելիքները, հմտությունները, ծանոթ է բանակցությունների ողջ գործընթացին և պաշտպանության կառուցվածքին։ Այս պահին որևէ մեկն օբյեկտիվորեն չի կարող փոխարինել նրան։

Սա էր պատճառը, որ նման հարցադրում անելով հասկանում էինք, որ դա տեղ է հասնում։ Հանրությանն ընկալելի էին դառնում մեր «մեսիջները», որովհետև մեզ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Սրա վրա էլ գիտակցաբար շեշտը դնում էինք։

Հաջորդ կարևոր հանգամանքը՝ մեր առավելությունը մյուսների հանդեպ, ասում էինք. «Մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է, ցույց տվեք ձեր վարչապետի թեկնածուին, որպեսզի հանրությունը կարողանա համեմատել ու ընտրել»։ Ունե՞ր Կարեն Կարապետյանը մրցակից։ Մեր տնտեսության զարգացումն ու առաջընթացը կապում էինք նրա անձի հետ։ Նա ուներ բարձր վարկանիշ և մրցակցային հարթությունում բոլորից բարձր էր։ Թող իրենց վարչապետի թեկնածուները Կարեն Կարապետյանի հետ, այսպես ասած, «մեջլիս» մտնեին։ Որևիցե մեկը նույն կշռի վարչապետի թեկնածու չուներ։

Այս գործոնները հիմք էին տալիս մեզ ենթադրելու, որ ընտրություններում այսպիսի արդյունք կունենանք։

Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մշտապես ու մանրակրկիտ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։ ՏԻՄ-երի 70 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց համայնքում ունեն հեղինակություն, նրանք, ընտրվել են, այսինքն՝ ձայների մեծ մասը նրանք հավաքել են։

Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում։ Ամբողջ աշխարհում համապետական ընտրությունների հիմքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Մենք հաղթել ենք ՏԻՄ ընտրություններում, ապա ինչո՞ւ են զարմանում, որ համապետականում ևս հաղթել ենք։

Ես թվարկեցի ընդամենը մի քանի կարևոր գործոններ, առավելություններ, որոնք ապահովեցին մեր հաղթանակը, էլ չեմ խոսում կուսակցության կազմակերպչական հնարավորություններից, կուսակցական պատմությունից, բազմանդամ կուսակցություն լինելուց։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930