Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է, որ, դիցուք, ապրիլյան պատերազմին բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 21,2017 11:58

«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին հայրենասիրությունը՝ իբրեւ ՀՀ քաղաքացիների պարտականություն ներկայացնելը չափազանց տարօրինակ էր։ Ընդ որում, բոլորիս առաջարկում են հայրենիքը սիրել պաշտոնյաներ, որոնց ղեկավարած ոլորտները հենց հայրենիքից փախչելու պատճառն են։

Նախ՝ բանակում տիրող ոչ կանոնակարգային, անհավասար պայմանները, սահմանին կամ ապրիլյան պատերազմի բոլոր զոհերը անապահով ընտանիքներից են։

Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա միայն վերջին բացահայտումը՝ հանրապետության դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ներգրավվածությունը իշխանությունների համար ձայն բերելու գործընթացին, պիտի որ Լեւոն Մկրտչյանին ստիպեր ամաչել մարդաշատ վայրերում երեւալ։ Իսկ նա ոչ միայն երեւում է, այլեւ հայրենասիրական թեմայով հրապարակային խոսք ասում. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը լինելու է ազգային դպրոցի դաստիարակչական հենասյունը»։

Չի ասում, թե ինչ իրավունքով են այդ տնօրենները նվաստացնում աշակերտներին՝ նրանց ստիպելով նախընտրական հանդիպումներին աղուհաց առաջարկել վարչապետ Կարեն Կարապետյանին կամ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված, այժմ՝ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին։

Ի դեպ, դեռ հաջողությամբ շարունակվում է դպրոցների տնօրենների ռեկետը. նրանք աշխատանքի ընդունվող ուսուցչից կաշառք են պահանջում 3000-5000 դոլարի չափով։

Հռետորները միաբերան կարեւորեցին կրթական համակարգը։ Կա հայտնի պատմություն. մ.թ.ա. 7-րդ դարում, երբ սպարտացիներն աթենացիներից ռազմական աջակցություն են խնդրում, աթենացիները զինվորական գնդի փոխարեն Սպարտա են ուղարկում կաղ ուսուցիչ Տիրտեոսին։ Ուսուցիչը սպարտացիների ռազմական ոգին այնքան է բարձրացնում, որ անգամ զինվորական աջակցության անհրաժեշտություն չի լինում։ Կաղ Տիրտեոսին Հայաստանում փոխարինում են պճնված, հիմնականում շիկահեր, փարթամ սանրվածքներով, ՀՀԿ-ի ու նրա արբանյակ կուսակցությունների համար ձայն բերող կանայք։

«Մեր համալսարանականների համար կարեւորագույն փորձաքննություն էր ապրիլյան հերոսամարտը, եւ եթե համալսարաններ ունենք, որտեղ հարյուրավոր կամավորներ ցուցակագրվեցին հերոսամարտին եւ ունեցանք կամավոր զոհեր, սա նշանակում է, որ իրենց կրթական որակի մեջ այս համալսարաններն արձանագրել են լուրջ հաջողություններ»,- ասում է ԿԳ նախարարը։ Բայց այս մարդկանց ինքնազոհողությունը պետք չէ վերագրել կրթական համակարգի հաջողություններին։

Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս է, որ, դիցուք, ապրիլյան պատերազմին բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում, հանդուրժում ենք ոչ լեգիտիմ, պետական գանձարանից գողություն անող, հասարակությանը նվաստացած պահող իշխանություններին։

Ի՞նչ է ստացվում. սահմանների պաշտպանությունը ոչ թե հայրենասիրություն է, այլ անհանգստություն սեփական կյանքի կամ մերձավորների կյանքի համար։ Նշանակում է, որ մենք կռվում ենք միայն հանուն ֆիզիկական անվտանգության, մեր գոյությունը պաշտպանելու, իսկ կյանքի որակի համար կռվելում անզոր ենք։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930