Այսօր Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված ՄՊՄԴ-ում մեկնարկում է ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 30 ջրացատկորդ: Նրանց թվում են նաեւ մեր առաջատար մարզիկները:
Առաջնության արդյունքներով ընտրվելու են երեք լավագույնները, որոնք նախապատրաստվելու են հունիս եւ հուլիս ամիսներին կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Իսկ թե ովքե՞ր կլինեն նրանք, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել՝ դա թողնելով առաջնության ավարտին: Հայտնի է միայն, որ մասնակցելու են միայն տղաները:
Մասնագետը նշում է, որ սա առաջին մեկնարկն է ընթացիկ մրցաշրջանում եւ ինքն առանձնակի մեծ հույսեր չի փայփայում: Նա ավելի շատ ցանկանում է Հայաստանի առաջնությունում տեսնել, թե մարզիկներն ինչ մարզավիճակում են եւ ինքն ու իր օգնականներն ինչի վրա պետք է ավելի շատ աշխատեն:
Այդուհանդերձ, դժվար չէ ենթադրել, որ մրցակցությունից դուրս են լինելու վերջին տարիներին հայկական ջրացատկի առաջատարներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները, որոնք, սակայն, հարգելի պատճառով մի որոշ ժամանակ չեն կարողացել մարզվել: Նրանք հիմա դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից, սակայն կանոնավոր մարզումները վերսկսել են:
Կարդացեք նաև
Հրաչյա Չանդիրյանի խոսքերով, եղբայրները Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո մեկնելու են Կիեւ՝ մասնակցելու ավանդաբար անցկացվող Ուկրաինայի բաց առաջնությանը: Նրանք ամենայն հավանականությամբ Մադրիդում հանդես կգան նաեւ «Գրան Պրի» մրցաշարում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
21,04.2017