Լրահոս
Օրվա լրահոսը

Վախի մթնոլորտ՝ վախեցողների համար

Ապրիլ 21,2017 10:21

Անցած խորհրդարանական ընտրությունների մասին ասվել է ամեն ինչ: Որ գլխավոր դերն են խաղացել վարչական լծակները, պետական հիմնարկների տնօրենների եւ մասնավոր ընկերությունների սեփականատերերի ճնշումները եւ, իհարկե, փողը, ինչն, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Որ ՀՀԿ-ն իրեն է հավելագրել կես միլիոն ձայն, կամ որ քվեարկություն է կատարվել 100 հազար գոյություն չունեցող հասցեներից՝ այդ երկու պնդումներն էլ ես չեմ կարող ապացուցված համարել: Սակայն ոչ մի ընդդիմադիր, որքան գիտեմ, չի բողոքել, որ լրատվամիջոցները չեն ստեղծել քարոզչության՝ բոլորի համար հավասար պայմաններ: Միայն «Հայկական վերածնունդը» եւ կոմունիստներն էին, որ շնորհք ունեցան եւ իրենց հետընտրական հայտարարություններում շնորհակալություն հայտնեցին լրատվամիջոցներին՝ հավասարակշռված լուսաբանման համար: Բայց մյուսների դժգոհությունների մասին չեմ լսել եւ չեմ կարդացել:

Դուք չեք կարող համեմատել այս նախընտրական շրջանի Հ1-ի «Օրակարգը» 2003 թվականի նախընտրական «Հայլուրի» հետ, որն իր ամեն մի թողարկման մեջ թույն ու թարախ էր շնչում ընդդիմության նկատմամբ: Երբեմն ասուլիսներում Հ1-ի լրագրողներն ամենասուր հարցերն են տալիս: Փոխվել են նաեւ մյուս հեռուստաալիքները: Լիակատար ազատություն է համացանցում՝ ոմանց դա գուցե նյարդայնացնում է, բայց ինձ թվում է՝ ավելի լավ է այսպես, քան ինչ-որ մեկը չկարողանա իր կարծիքն ու էմոցիաներն արտահայտել:

Այդքանով հանդերձ՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են «վախի մթնոլորտի» մասին: Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչեւ ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ եւ ինչ-որ չեմ նկատել, որ որեւէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է եւ, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը:

Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսեւորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարդամեկ says:

    Կարծում եմ պետք չէ համեմատել հիմիկվա վախի մթնոլորտը 15 տարի առաջվա վախի մթնոլորտի հետ. Ամեն ինչ զարգանում է , նաեվ վախի մթնոլորտը. Անհրաժեշտ է միայն պատասխանել մեկ հարցի, ինչը կարող է հիմա 2017 թվին վախացնել մարդկանց հոգեպես, ֆիզիկապես թե ֆինանսապես.

  2. Հ.Շ. says:

    բառացիօրէն, պարբերաբար «արիւնահեղութեան» մասին հանրային յայտարարութիւններ կատարողները, բացառապէս ու միայն կառավարութեան դէմ եղող անձիքն են

    անոնցմէ մէկը, բանտին մէջէն, նոյնիսկ բաց նամակ հրատարակեց, բառացիօրէն յայտնելով թէ՝ ուզում է մտաւորականների մահը

    նաեւ, շատ նորմալ կերպով մարդիկ Հայաստանում փառաբանում, ջատագովում եւ ծափահարում են անցած Յուլիսի տեղի ունեցած արիւնալի արարքների հեղինակները. մինչ այդ արարքները, որեւէ այլ երկրում, օրինապէս կոչուելու էին ահաբեկչութիւն, եւ հետեւաբար անոնց նկատմամբ ծափահարութիւններն ու խրախուսանքը հանդիսանալու էին հանցագործութիւն, ըստ քրէական օրէնքի

    ո՞վ է որո՞ւն վախցնել ջանացողը, ճիշդ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930